Ըստ ՔՊ-ի՝ ՀԷՑ-ի շուրջ զարգացումների ֆոնին ԱԺ-ում քննարկվող նախագիծը ո՛չ ՀԷՑ-ի մասին է, ո՛չ ազգայնացման

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և դրա ղեկավար Սամվել Կարապետյանի շուրջ ծավալվող զարգացումների ֆոնին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը:

Նախագիծը զեկուցող Վլադիմիր Վարդանյանն ընդգծեց, որ այն նախատեսում է համապատասխան հիմքերի առկայության դեպքում հանրային ծառայություները կարգավորող մարմնի նախագահին տալ համապատասխան լիազորություն՝ վարույթ հարուցելու, և դրա շրջանակում կանխարգելիչ միջոցառումներ կիրառելու վերաբերյալ: Նրա խոսքով վարույթի «վերջնական ճակատագիրը» որոշելու է հանձնաժողովը:

Չնայած ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ ազգային ժողովում կա ՀԷՑ-ը ազգայնացնելու նախագիծ, հարակից զեկուցող, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ԱԺ-ում պնդեց, որ սա չի վերաբերում միայն ՀԷՑ-ին, «սա վերաբերում է ՀՀ-ում էներգետիկ համակարգում շոշափելի ազդեցություն ունեցող ցանկացած կազմակերպության, որոնց արտադրական հզորությունը 30 մեգավատտ և ավելի է»:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ելույթում ընդգծեց, որ նախագիծը ոչ թե «ազգայնացման» կամ «պետականացման» մասին է, այլ «ռիսկերը վերահսկելու և ըստ անհրաժեշտության կառավարում մտցնելու»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ, նախագիծը մեկնաբանելով, ասաց՝ «սա ապօրինի, հակասահմանադրական, միջազգային իրավունքի նորմերին հակասող, ֆինանսական, ներդրումային հսկայական ռիսկեր բերող նախագիծ է, որի հիմքում քաղաքական հետապնդումն է, և որտեղ կհայտնվեն բոլոր սուբյեկտները, որոնք էներգետիկ համակարգում են գործում». «Սեփականության խլման գործընթացը հասնելու է ի վերջո բոլորին»:

2025թ. հունիսի 18-ին՝ գործարար Սամվել Կարապետյանի՝ Հայ առաքելական եկեղեցուն աջակցություն հայտնելուց հետո, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Կարծում եմ՝ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի): Դա տեղի կունենա արագ և իմ հանձնարականն է ՀԷՑ-ի բոլոր աշխատակիցներին՝ բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։ Ազգայնացումից (պետականացումից) հետո բարեխղճությունը հաշվի կառնվի»:

Նույն օրը ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Փաշինյանն ասաց, որ ՀՀ ազգային ժողովում կա ՀԷՑ-ը ազգայնացնելու նախագիծ. «Մեկ ամիս առաջ եմ հանձնարարություն տվել Կառավարության համապատասխան մարմիններին, որ կա՛մ ՀԷՑ-ը պետք է ժողովրդին հասցրած վնասը վերականգնի, կա՛մ ազգայնացվի»:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Factor.am-ի հետ զրույցում նշել էր, որ ՀԷՑ-ի շուրջ ցանկացած որոշում կլինի օրենքի շրջանակում:

ՀԷՑ տնօրեն Դավիթ Ղազինյանն էլ հունիսի 25-ին ասել էր, որ ՀԷՑ-ը կառավարությունից ազգայնացման մասին որևէ գրություն չի ստացել: Նա պնդել էր նաև, որ ո՛չ իշխանությունների, ո՛չ ՀԾԿՀ-ի կողմից որևէիցե ձևով անցած տարիների ընթացքում անգամ ակնարկ չի եղել, որ ընկերությունում այնպիսի վիճակ է, որ կարող է բերել լիզենցիայից զրկելուն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով