factor.am Թուրքիայում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները։ Դրանք սպառնում են երկրի չորրորդ խոշորագույն քաղաքին՝ Բուրսային՝ ստիպելով ավելի քան 3500 մարդու լքել իրենց տները։ Բուրսայում անտառային հրդեհները մոլեգնում են արդեն երրորդ օրը։
TRT Haber-ի հաղորդմամբ՝ քաղաքի Օրհանելի շրջանի Յաքուփլար թաղամասի անտառածածկ տարածքում երեկ բռնկված և Հարմանջըքի ուղղությամբ շարժվող հրդեհը մարվում է անտառտնտեսության տարածաշրջանային վարչության և հրշեջների կողմից։ Բուրսայի երկինքը ծածկվել է խիտ ծխով։
Հուլիսի 26-ին Բուրսայի Օրհանելի և Հարմանջըք շրջանների միջև բռնկված և քամու ազդեցության հետևանքով տարածվող հրդեհի պատճառով, որպես նախազգուշական միջոց, տարհանվել են Հարմանջըք շրջանի Դութլուջա, Իլիչակսու, Չամօղլու, Չաթալսյողյութ և Չաքմաք գյուղական թաղամասերը, Օրհանելի շրջանի Յաքուփլար թաղամասը և Բյույուքորհանի Գեդիկլեր թաղամասը, հրդեհի հետ կապված մեկ կասկածյալ ձերբակալվել է։
Բուրսայի նահանգապետարանի հայտարարության համաձայն՝ Գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել քաղաքում անտառային հրդեհների մասին հաղորդագրությունների հիման վրա։
«Հետաքննության շրջանակում ձերբակալվել է մի անձ, որը նախկինում ենթարկվել էր քրեական հետապնդման FETÖ-ի (կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժում) հետ կապերի պատճառով»,- ասվում է հայտարարության մեջ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում