Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն օգոստոսի 18-ին Հայաստան կժամանի

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանն օգոստոսի 18-21-ը այցով Հայաստանում կլինի։ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 19-ին Երևանում կանցկացվի հայ- րանական գործարար համաժողով, Հայաստան կատարած այցի շրջանակում Իրանի նախագահը կմասնակցի այդ համաժողովին։

Գերատեսչությունից նշում են, որ իրանական կողմից գործարար համաժողովին մասնակցության ցանկություն են հայտնել արդյունաբերական, ճանապարհաշինության, գյուղատնտեսական, մատակարարման, դեղագործական, ինժեներական ծառայությունների, թեթև արդյունաբերության ոլորտների ներկայացուցիչներ։

Վաշինգտոնյան եռակողմ՝ Թրամփ- Փաշինյան- Ալիև հանդիպումից առաջ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում պաշտոնական այց կկատարի Հայաստան:

Նշենք, որ վաշինգտոնյան այցից հետո տեղի էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, որի ընթացքում վարչապետը հարևան երկրի առաջնորդին էր ներկայացրել Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահ Թրամփի ու Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ տեղի ունեցած բանակցությունների արդյունքները։

Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքների, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջակման և զարգացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ նաև Արարատ Միրզոյանն էր հեռախոսազրույց ունեցել Արաղչիի հետ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև