Կարևոր է, որ առաջընթացը շարունակվի. Մակրոնն ու Էրդողանը քննարկել են ԱՄՆ-ում ՀՀ-Ադրբեջան հանդիպումը | factor.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի վարչակազմին կից կապերի վարչության հաղորդագրության մեջ։

Ըստ թուրքական կողմի տարածած հաղորդագրության՝ զրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ:

«Քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցեր, ներառյալ թուրք-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների վիճակը, ՌԴ-ի և Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը և Գազայի հատվածում առկա իրավիճակը»,- ասված է հաղորդագրությունում:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մանրամասներ է հայտնել X սոցիալական հարթակի իր էջում:

«Մենք նաև քննարկեցինք օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև կազմակերպված հանդիպման արդյունքում առաջացած հույսը։ Կարևոր է, որ առաջընթացը շարունակվի, ինչը հնարավորություն կտա վերաբացելու բոլոր սահմանները և ամրապնդելու տարածաշրջանային համագործակցությունը»,- գրել է Մակրոնը։

Էրդողանը նշել է, որ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև արդար խաղաղության հասնելու համար: Պետության ղեկավարը նշել է, որ Անկարայում ուշադիր հետևել են Ալյասկայում և Վաշինգտոնում վերջին բանակցությունների ընթացքին:

Թուրքիայի առաջնորդը Անկարայի պատրաստակամությունն է հայտնել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների շրջանակներում:

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս Ֆրանսիայի հետ համագործակցության զարգացմանը:

«Պետության ղեկավարը հավելել է, որ Անկարան շարունակելու է քայլեր ձեռնարկել Փարիզի հետ համակողմանի հարաբերությունների հետագա զարգացման համար, հատկապես պաշտպանական արդյունաբերության ոլորտում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև