news.am ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը չի կարծում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել», նշանակում է, որ հնարավոր է իրավապահ մարմինները նոր գործողություններ իրականացնեն։
«Ես չեմ կարծում, որ դա դրա մասին է։ Քանի որ մենք ունեցել ենք երևույթ, երբ իրավապահները փորձել են գործողություն իրականացնել Էջմիածնի տարածքում, ցավոք, որովհետև անձը, որ պետք է ներկայանար իրավապահ մարմիններին, ըստ էության, թաքնվել էր եկեղեցու տարածքում, դրանով պայմանավորված գործողություն էր եղել։ Քանի է որ կային մարդիկ, որոնք մտածում էին, որ Հայաստանի Հանրապետությունում կա ինչ-որ տարածք, կա ինչ-որ պաշտոն, կա ինչ-որ անուն-ազգանուն, կա ինչ-որ հագուստ, որը նրան դարձնում է օրենքի առաջ անձեռնմխելի բոլոր առումներով, այն մասին է էս գրառումը, որ նման բան հնարավոր չէ։ Չի եղել այդպիսի դեպք, երբ վարչապետը իրավապահ մարմինների գործողություն անոնսի»։
Հարցին՝ իշխանությունը ինչպե՞ս է պատկերացնում Գարեգին երկրորդին հեռացնելու գործընթացը, մեխանիզմը, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Քանի որ վարչապետը նաև հայտարարություն է հրապարակային արել խորհրդի ձևավորման և այդ խորհրդի կազմի մասին, հենց այդ կազմը էլ պետք է օրակարգը մշակի։ Մենք ոչ մեկ անգամ խոսել ենք, որ հնարավորինս համերաշխ, եղբայրական մթնոլորտում պետք է այս պրոցեսը տեղի ունենա եկեղեցուն չվնասելու համար»։
Դիտարկմանը, որ Միքայել Սրբազանը չէր թաքնվել Մայր Աթոռում, նա այնտեղ ժողովի էր մասնակցում, որից հետո, ըստ փաստաբանների, պետք է ներկայանար ՔԿ, ՔՊ–ական պատգամավորն ասաց. «Դուք փորձում եք հերքել իմ ասածը մեջբերելով Աջապահյանի և նրա փաստաբանների ասածները, Աջապահյանի և նրա փաստաբանների ասածները ընդհանրապես ինձ չեն հետաքրքրում։ Ես գիտեմ, որ Աջապահյանը թաքնվել է։ Դուք չեք ֆիքսել, որ մի պահ եկավ, որ նստի ոստիկանական մեքենան, հետո հետ գնաց։ Ես տեսել եմ կադրերը և ես տվեցի իմ գնահատականը, իմ գնահատականը անփոփոխ է առանց ձեր հղումների։