Հայաստանում մտադիր են բարձրացնել դատավորների աշխատավարձը, բայց ոչ բյուջեի հաշվին. Վարչապետի հայտարարությունը |aysor.am|

aysor.am։ Այսօր Ազգային ժողովում 2018-ի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ իր եզրափակիչ ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադաձել է իր ղեկավարած կառավարության հասցեին հնչող քննադատություններից մեկին՝ կառավարությունը բարեփոխումները չի անում անհրաժեշտ ակտվությամբ։

«Իմ տպավորությունը ու կարծիքն այն է, որ արագ ռեֆորմներ նշանակում են ձախողված ռեֆորմներ։ 90-ականների սկզբին, որպես լրագրող ես հետևել եմ, իմ աչքի առաջ ձախողվել են փայլուն ստրատեգիական ռեֆորմներ, քանի որ դրանց հեղինակները ցանկացել են արագ անել։ Մինչև այսօր Հայաստանը կրում է այդ ռեֆորմների չիրականացման ծանրագույն հետևանքները։ Շատ կարևոր է չշտապել, ափալ-թափալ գործողություններ չանել», – հայտարարեց վարչապետը։

Այս համատեքստում նա մատնանշեց դատաիրավական բարեփոխումների մասին ու պնդեց. Հայաստանում իրապես անկախ դատական համակարգ հնարավոր չէ՝ առանց դատավորների աշխատավարձը 5-6 անգամ բարձրացնելու։

«Այսօր դատավորների, առավել ևս գործող կազմի աշխատավարձը բարձրացնելը բազմաթիվ պրոբլեմներ ունի, այդ թվում՝ հանրային ընկալման տեսանկյունից և մանավանդ սոցիալական բազմաթիվ խնդիրներ լուծված չեն։ Մեր ընկալումն այն է, որ մեր գործընկերները՝ միջազգային դոնորները, Հայաստանին կաջակցեն այս հարցում, մենք 2-3 տարի դատավորների, նոր ներգրավված դատավորների աշխատավարձերը կկարողանանք բարձրացնել, դարձնել 2,5-3 մլն դրամ։

Դա մեր պետական բյուջեի վրա ուղիղ ազդեցություն չի ունենա։ Այդ ընթացքում մենք, համոզված եմ, կկարողանանք լուծել բազմաթիվ սոցիալական խնդիրներ։ Բացի այդ, և իշխանությունը, և ընդդիմությունը, և քաղհասարակությունը կհամոզվի՝ անկախ դատական համակարգ ունենալու հարցում ու կհասկանա՝ սա մի ծախս է, որ արժե անել ու հանրությունը կհամաձայնի սեփական միջոցներից գումար տրամադրել՝ պայմանով, որ մեզ իսկապես պետք է անկախ դատական համակարգ», – հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ծախսը, ըստ վարչապետի, կազմում է 10 մլրդ դրամ։

Նա ընդգծեց, որ մեկ տարվա կյանք ունեցող կառավարությունից պետք չէ ակնկալել 30 տարվա խնդիրների լուծումներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով