Հակասական ցուցմունքներ Հովիկ Գաբրիելյանի գործով․ դատարանը հրապարակեց վկա Հայկ Գալստյանի նախաքննական ցուցմունքը

Հակակոռուպցիոն դատարանում երեկ շարունակվեց 1-ին բանակային կորպուսի առանձին զրահատանկային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի վերաբերյալ գործի քննությունը։ Հարցաքննվեց 44-օրյա պատերազմի ժամանակ 5-րդ բանակային կորպուսի առանձին դեսանտագրոհային գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Հայկ Գալստյանը։

Գալստյանը այն սպան է, որի ղեկավարած 28-հոգանոց անձնակազմը 2020 թ․ հոկտեմբերի 5-ին գտնվել է փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի անձնակազմի ձախ կողմում՝ Ջրականի տարածքում։ Այդ օրն այդտեղից է, ըստ մեղադրանքի, Գաբրիելյանը չթույլատրված նահանջ իրականացրել, ինչի հետեւանքով մյուս՝ աջ կողմում տեղակայված յուրային ստորաբաժանումը ընկել է շրջափակման մեջ՝ կրելով մարդկային եւ նյութական կորուստներ։

Հովիկ Գաբրիելյանն այս մեղադրանքը չի ընդունել, պնդել է, որ ինքը կապ է հաստատել վերադաս հրամանատարության հետ, տեղեկացրել շրջափակման վտանգի, հակատանկային միջոցների, նաեւ սննդի բացակայության մասին։ Հրամանատարները, ըստ Գաբրիելյանի, ասել են՝ միայն առավոտյան կարող են օգնություն ուղարկել, ինչ ուզում են, թող անեն։ Վերադաս հրամանատար Ժիրայր Պողոսյանը, սակայն, դատարանում պնդել է՝ իրեն եւ շտաբի պետին Գաբրիելյանը չի զեկուցել նահանջի մասին։

Ըստ վկայի՝ եթե գիշերը հակառակորդի կրակոցներ եղած լինեին, ինքն այդ մասին կիմանար

Ներկայանալով դատարանին՝ վկա Հայկ Գալստյանն ասաց, որ մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանին ճանաչում է 2020 թ․ հոկտեմբերի 4-ից, նրա հետ որեւէ տեսակի հարաբերություն չունի։

Գալստյանը պատմեց, որ հոկտեմբերի 4-ի լուսաբացին է տեղակայվել Գաբրիելյանի ստորաբաժանման կողքին՝ մոտ բնագծի 500 մ երկայնքով։ Բնագծի ընդհանուր երկարությունը, ըստ վկայի, մինչեւ 3 կմ էր։ Իր ստորաբաժանումը եղել է Գաբրիելյանի ստորաբաժանման շարունակությունը, իրենից ձախ զորք ընդհանրապես չի եղել։ Ունեցել են ինքնաձիգներ՝ 300-ական փամփուշտներով, բայց վերադասության հետ կապ չեն ունեցել. իր մոտ եղած կապի միակ միջոցը չի գործել։

«Ամսի 4-ին՝ ժ․ 10-ի դրությամբ, 4-5 հոգով գնդապետ Վահագն Ասատրյանի գլխավորությամբ եկան մեզնից աջ դիրքավորվելու, էնքան աջ գնացին, որ մեր տեսադաշտից կորան, իսկ ինձնից ձախ ոչ ոք չեկավ, ես ձորակով առաջացա մինչեւ բլրի տակը, ստուգեցի։ Էդ ժամանակ առջեւում արդեն նկատել էինք հակառակորդի խմբավորում՝ մոտ 100 հոգի, վերախմբավորում էին իրականացնում տանկերով, անձնակազմով, իսկ 17։00-ի սահմաններում գրոհ կազմակերպեցին։ Անձամբ ես նկատել եմ անձնակազմով 3 տանկ, երբ Գաբրիելյանը խնդիր էր տալիս՝ «ֆագոտը՝ հաշվարկի՛ն, ֆագոտը՝ հաշվարկի՛ն», որ խփեն։ 6 արկ է տեղադրում։ Այդ ընթացքում մեզնից թիկունք՝ Արալեռի բարձունքին, «Կոռնետ» տեսակի հակատանկային միջոցով մերոնք կրակ են բաց թողնում, մի տանկ խփում են, բայց մյուս տանկերը շարունակում են, անցնում Գաբրիելյանից աջ»,- պատմեց նա։

Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը հետաքրքրվեց՝ ո՞նց է դա տեսել, շուրջ 2-3 կմ գնացե՞լ է․

– Կանգնած տեղից հեռադիտակով եմ տեսել․ որ մեկը խփվեց Արալեռից, մյուսը անցավ,- պատասխանեց վկան։

– Արալեռը ի՞նչ հեռավորության վրա էր։

– 1 կմ-ի չափով։

– Խոցման արդյունքում է՞լ ինչ եք տեսել։

– Խոցված տանկը մնաց տեղում, բայց դրա անձնակազմը միացավ մյուս տանկին, մեզանից աջ շարունակեցին, ակնհայտ երեւում էր։

– Այլ հակառակորդ տեսե՞լ եք։

– Մեզնից աջ «Ուրալ» է եկել, մեր տղերքը, որ Գաբրիելյանից էլ աջ են եղել, կրակել են դրա վրա, պտտվել, հետ է գնացել, ուրիշ չէ։

– Իսկ Ձեր բնագծի վրա գրոհ եղե՞լ է։

– Ոչ։

– Կրակելու անհրաժեշտություն ունեցե՞լ եք։

– Ոչ։

– Փոխհրաձգություն եղե՞լ է։

– Ոչ․․․ 17։00-ի գրոհից հետո հորդառատ անձրեւ է սկսվել, մինչեւ անձրեւը ինքնաձիգից փոխհրաձգություն չի եղել, հրետանին է աշխատել, ԱԹՍ-ն, մեկ էլ իրենց կամիկաձեն, իսկ անձրեւի ժամանակ հակառակորդ չեմ տեսել, կենդանի ուժից գրոհ չի եղել,- հայտնեց վկան։

Մեղադրող Նավասարդյանը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է՝ կրակոցներ լինեին այն բնագծի վրա, որի շարունակությունը իրենք էին (նկատի ունի բնագծի՝ Հովիկ գաբրիելյանի հատվածը,- հեղ․), բայց իրենք չիմանային այդ մասին։ Նավասարդյանն այս հարցը տալիս էր, քանի որ ըստ պաշտպանական կողմի՝ գիշերը կրակոցներ եղել են, եւ նաեւ դրանց պատճառով է Գաբրիելյանը ստիպված եղել նահանջի հրաման տալ։

– Դե, եղանակային պայմանները նենց էին, որ․․․ Խախանդ գիշեր չի եղել, որ ասեմ լռություն էր․․․

– Բայց որպես այդ բնագիծը զբաղեցրած սպա՝ եթե ձեր բնագծի վրա լիներ հարձակում, այդ տեղեկությունը կգար, կհասնե՞ր Ձեզ,- ճշգրտեց մեղադրողը։

– Այո, բնականաբար,- պատասխանեց վկան։

Գալստյանի խոսքով՝ եթե Գաբրիելյանի անձնակազմը բնագծից դուրս չգար, իրենք նույնպես դուրս չէին գալու

Հայկ Գալստյանը պատմեց, որ գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, Հովիկ Գաբրիելյանը զինվոր է ուղարկել՝ իրեն կանչելու։ Մոտեցել է Գաբրիելյանին, տեսել, որ նա ռադիոկապով խոսում է ինչ-որ գնդապետի հետ, ազգանունը չգիտի․ «Զրույցից հասկացա, որ տանկերը անցել են թիկունք։ Կապվել, ասում էր՝ ինձ զենք-զինամթերք է պետք, ասացին՝ առավոտյան կբերենք, հիմա չենք կարող, բա՝ ո՞նց չեք կարող, տեսնում եք՝ անցել են թիկունք, ես էլ չեմ կարող խնդիր կատարել էսքան անձնակազմով, սննդի հետ կապված խնդիր էլ ունեին, ես սննդով էլ եմ օգնել նրանց, մատակարարում չկար․․․ Եկա իմ բնագիծ, մեկ էլ նկատեցի, որ տեխնիկաներն է հետ տալիս ու դուրս է գալիս, ու բնական է՝ ես էլ եմ կես ժամվա ընթացքում դուրս եկել, ինքս ինձ եմ որոշել դուրս գալ, որովհետեւ աջ ու ձախ կողմերս լրիվ բաց էին մնում, իսկ ես կապ ոչ մեկի հետ չունեի»,- հայտնեց Գալստյանը։

Այս դրվագի վերաբերյալ մեղադրողը դարձյալ հարցեր հղեց վկային․

– Վահագն Ասատրյանի ստորաբաժանումը Ձեր կամ Հովիկ Գաբրիելյանի դուրս գալու մասին տեղյա՞կ էր։ 

– Ես չեմ տեղեկացրել, չգիտեմ։

– Իսկ պե՞տք է տեղեկացվեր։

– Միանշանակ։

– Հենց այդ պատճառո՞վ էր Գաբրիելյանը Ձեզ կանչել։

– Այո։

– Իսկ ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Վահագն Ասատրյանին չի տեղեկացրել։

– Չեմ կարող ասել, այդ հարցը չեմ տվել։

– Ձեզ չհետաքրքրե՞ց՝ Ձեզնից աջ զորքը մնում է թե չէ։

– Դե, մեզնից անմիջապես աջ չէր․․․

Մեղադրողը խնդրեց հայտնել նաեւ, թե ռադիոկապով զրույցի արդյունքում ինչ է որոշվել, Գաբրիելյանին դուրս գալ թույլատրե՞լ են թե՞ ոչ։ Վկան, սակայն, ասաց, որ դա չի լսել, տեղյակ չէ։

– Իսկ երբ Ձեզ ասաց հնարավոր դուրս գալու մասին, ո՞նց ներկայացրեց՝ որպես վերադասի հետ համաձայնեցված որոշո՞ւմ։

– Չեմ կարող ասել, չգիտեմ՝ հրամանատարից ճշտելուց հետո է դուրս եկել, թե առանց, ես մտածեցի՝ արկերի հետ է կապված, որ էդպես էլ մեզ չհասան։

Վկան հայտնեց, որ այդ օրը Գաբրիելյանի ստորաբաժանումը տանկեր չի ունեցել, խրամուղիներ նույնպես չեն եղել, հասցրել են միայն առանձին խրամատներ փորել։

– Դուք 19 տարվա փորձառությամբ սպա եք, հնարավո՞ր էր դուրս գալ առանց վերադասի իմացության։

– Վերադասը կիմանար․ եթե կապ կա, հնարավորություն կա տեղյակ պահելու, պիտի իմանա։

– Այդ դեպքում այդ կարեւոր հարցը ո՞նց չեք քննարկել նրա հետ։

– Ճիշտն ասած՝ ես վերադաս չեմ եղել իրեն, որ քննարկեի, թեթեւ ինֆորմացիա եմ ստացել, ժամանակս երկար չի եղել, հետ եմ եկել իմ անձնակազմի մոտ։

– Մինչեւ նրա մոտ գնալը Ձեր անձնակազմի շրջանակներում բնագծից դուրս գալու հարց քննարկե՞լ եք։

– Ոչ մի կերպ։

– Եթե Գաբրիելյանի անձնակազմը դուրս չգար, դուք դուրս կգայի՞ք։

– Ոչ մի կերպ։

Հովիկ Գաբրիելյանը հարց բարձրացրեց՝ որ իրեն ռադիոկապով ասում էին՝ առավոտը մի բան կանեն, ինչո՞ւ էին այդպես ասում, գուցե մտածել են՝ էլ հույս չկա՞ իրենց օգնելու,- վրդովվեց Գաբրիելյանը։

Բնագիծը թողնելուց հետո, ըստ վկայի, շարժվել են Հադրութի ուղղությամբ, որտեղ էլ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանից նոր խնդիր են ստացել։ Մեղադրողի հարցին՝ ենթադրյալ նահանջը դիվիզիայի հրամանատարի մոտ քննարկվե՞ց թե՞ ոչ, վկան չկարողացավ պատասխանել, ասաց՝ աղմուկ է եղել, ինքը չի լսել։

Պաշտպան Վրեժ Խաչիկյանը հարցրեց՝ եթե Գաբրիելյանը դուրս չգար, իրական վտանգ կա՞ր, որ ոչ ոք կենդանի չի մնա։ Վկան դրական պատասխանեց․ «Կար, գոնե եթե իմ ձախ կողմում մարդ լիներ»,- ասաց վկան։

– Իսկ որպես հրամանատար՝ Հովիկ Գաբրիելյանի գործողությունները ինչպե՞ս կբնութագրեք, նա զորքի մասին մտածո՞ղ թե՞ իր անձնական շահը հետապնդող սպա էր,- հետաքրքրվեց Խաչիկյանը։

– Ես մտածում եմ, որ զինվորի կողքին կանգնած զինվորական էր, դուրս գալուց 2 օր հետո ես նրան տանկային գրոհի մեջ էլ եմ տեսել, հելավ, նստեց տանկը, դուրս եկավ մարտի դաշտ։

Հայկ Գալստյանը հայտնեց, որ ընդհանուր առմամբ, կազմակերպվածություն չկար ընդհանրապես․ «Իրավիճակն էր տենց ստիպել, ոչ թե միտումնավոր, ոչ մեկը չէր տիրապետում՝ որտեղ է բաց, որտեղ է փակ, որտեղ զորք ուղարկենք, որտեղ ճակատ ստեղծենք, էդ ճակատ ստեղծելը պիտի համագործակցությամբ լիներ, համագործացություն չի եղել, ոչ մի բան չի եղել»,- նշեց նա՝ հավելելով, որ զորքի բարոյահոգեբանական վիճակն էլ վատ է եղել։

Վկայի որոշ պատասխաններ զայրացրին նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանին

Վկա Հայկ Գալստյանին բազմաթիվ հարցեր հղեց նաեւ նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանը։ Նա նախ հայտնեց, որ Գաբրիելյանից աջ գտնվել է Համլետ Լեւոնյանի ղեկավարած ստորաբաժանումը։ Վերջինս դատարանում ասել է, որ հակառակորդին գտնվել է ինքը, նշել է՝ մինչեւ հոկտեմբերի 5-ի լուսադեմ հակառակորդը յուրային զորքերի թիկունք չի անցել, բնագիծ չի հատել։ Նման ցուցմունք է տվել նաեւ Գաբրիելյանի ենթակա Կոլյա Դավթյանը, ասել, որ 3 տանկ ինքն էլ է տեսել, բայց դրանք մտել են ձորակ ու մնացել այդտեղ։ Պաշտպան Խաչիկյանը արձագանքեց՝ հակառակորդը մտել էր ձորակ մնալո՞ւ համար։

Դատավորը խնդրեց պարզաբանել այս հակասությունը, ինչպե՞ս է, որ ինքն ասում է, թե հակառակորդի տանկերը բնագիծը հատել են․

– Էդ ձորակը գտնվում էր մեր թիկունքում՝ մեզանից աջ բնագծի թիկունքում։

– Կոլյա Դավթյանը նշում է, որ գտնվել է աջ ու առաջ, ոչ թե աջ ու թիկունք, ասում է՝ տեսել եմ, որ մտել են, դուրս գալը չեմ տեսել, այս պայմաններում ոնց եղավ, որ ըստ Ձեզ՝ տանկերը հայտնվեցին թիկունքում։

– Ես նայել եմ, տեսել եմ, որ թիկունքում են։

– Իսկ Համլետ լեւոնյանն էլ պնդել է, որ թիկունք չեն անցել։ Ի՞նչ կասեք այս առումով։

– Իմ տեսածով անցել են։

– Բա ո՞նց է ստացվում, որ  Լեւոնյանը հակառակորդին ամենամոտն է գտնվում, չի նկատում, իսկ Դուք Լեւոնյանին չեք նկատում, բայց նկատում եք, որ հակառակորդը Լեւոնյանի թիկունք է անցել։

– Չեմ կարող ասել։

– Իսկ ումի՞ց հարցնենք, ո՞վ կարող է։

– Պատվարժան դատարան, ես նկատել եմ, որ բնագիծն անցել են։

– Իսկ բնագիծն անցելը եւ թիկունք անցնելը նույն կատեգորիանե՞րն են։

– Ոչ։

– Բա դա ի՞նչ տրամաբանություն է, ինձ հիշեցնում է՝ եթե արկղը քառակուսի է, ուրեմն՝ միջինը կլոր է․․․

– Մեր խրամատներն անցնելն եմ տեսել,- ճշգրտեց վկան։

– Այսինքն՝ թիկունք անցնելը չեք տեսել,- արձանագրեց դատավորը։

– Չեմ տեսել։

Դատավոր Վարդգես Սարգսյանը վկային ուղիղ հարց հղեց՝ լսե՞լ է, որ ռադիոկապի մյուս կողմից Գաբրիելյանին ասեն՝ ինչ ուզում եք, արեք, օգնության եկող չկա։ Վկան բացասական պատասխան տվեց։

Թող ների ինձ Հովիկ Գաբրիելյանը, բայց պահեստից ալյուրի գողություն չի կատարվել, նրան մեղսագրվում է մեկ տասնյակ զինծառայողների մահ, ուստի ես իմ դատավճռով դա պիտի հաստատեմ կամ հերքեմ։ Դրա համար կարող են նաեւ սուր հարցեր լինել, ես վիրավորելու միտք չունեմ,- դիմելով վկային՝ ասաց դատավորը, ապա հարցրեց,- Դուք ճշտախո՞ս մարդ եք։

– Այո։

– Մշտապես ճիշտն եք ասում, նույնիսկ չեք փորձի լռել։

-Այո։

– Համլետ Լեւոնյանը պնդել է, որ լույս 5-ի գիշերը անձրեւ է եկել, զորքին շարել են դրսում, «Հայր մերն» են ասել, եւ այդ պահի դրությամբ շարժ չի եղել, լարվածություն չի եղել։ Կոլյա Դավթյանը եւս ասել է՝ նահանջին նախորդող պահին շարժ չի եղել, ասել է՝ հորդառատ անձրեւ էր, ցեխոտ էր, հակառակորդի համար դժվար կլիներ գրոհ կազմակերպել այդ ցեխի մեջ։ Այնինչ Դուք նշեցիք, որ գիշերը, Ձեր բառերով ասած, խախանդ չէր, բայց Ձեր պնդումը հակասության մեջ է այս վկաների ցուցմունքների հետ։ 

– Դուրս գալու պահին այո, խախանդ է եղել։

– Իսկ ո՞ր պահից սկսած շարժը դադարեց։

– Երեկոյան ժամերին՝ 21։00-ի մոտ։

Ըստ մեղադրանքի՝ Գաբրիելյանի ստորաբաժանումը բնագիծը թողել է կեսգիշերի սահմաններում։

Վկայի ցուցմունքներում էական հակասություններ կային

Նախագահող դատավորը վկային խնդրեց հայտնել՝ Գաբրիելյանի հետ զրույցի ընթացքում հարցրե՞լ է՝ ինչու են լքում բնագիծը, չէ՞ որ հանձնարարված էր այն պահել․

– Մարդ ես, գուցե ընկել էր սթրեսի մեջ, քաջալերանքի կարիք ուներ։ Ասե՞լ եք՝ եկեք չնահանջենք, մի գնա, հետդ եմ, սպասի, դիմանանք էս գիշեր․․․

– Ես ասել եմ, որ դուրս եկացող չեմ, քո կողքին եմ լինելու։

– Իսկ ասե՞լ եք՝ եկեք պահենք բնագիծը։

– Չէ, էդ քննարկումը չեմ ունեցել։

Դատավորն անդրադարձավ նաեւ վկայի այն խոսքին, թե զորքի բարոյահոգեբանական վիճակը լավ չէր, զինվորները ընկճված էին․

– Նախորդ նիստում հարցաքննված վկա Արտյոմ Գեւորգյանի ցուցմունքի համաձայն, որը նույն բնագծին է եղել՝ մի քիչ ներքեւ, իր ստորաբաժանման վիճակը շատ վատ չի եղել, Համլետ Լեւոնյանը նույնպես ասել է, որ վատ չի եղել, ինչո՞ւ էին Ձեր եւ Գաբրիելյանի ստորաբաժանումները ընկճված։

– Տանկերի դեմ պայքարի ոչ մի բան չունեինք։

– Իսկ որ «Կոռնետը» խփեց հակառակորդին, դա չոգեւորե՞ց։

– Հա, մի պահ եղել է, որ ուրախացանք։

– Անկեղծ ասած՝ ես տպավորություն ստացա, որ որեւէ միջոց չեք ձեռնարկել քանդված տներում կուտակված հակառակորդին ոչնչացնելու համար, բա Ձեր ֆունկցիան ո՞րն էր, եթե ակնադիտական եղանակով տեսնում էիք, որ կուտակումներ կան, ենթադրվում էր, որ հետեւակն է մոտեցել, բա ինքնաձիգը ինչո՞ւ չէիք կիրառում։

– 2-2․5 կմ հեռավորության վրա էին, ՀՄՄ–ով չէինք կարող։

Դատավորի հարցին՝ նահանջը ի վերջո Գաբրիելյանի՞ թե՞ վերադասի հրամանն էր, վկան ի՞նչ տպավորություն է ստացել, վերջինս պատասխանեց՝ Գաբրիելյանի։ Դրա առնչությամբ քննարկում դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանի մոտ նա այդպես էլ չհիշեց, ասաց՝ եթե Առստամյանը բարկացած լիներ, կհիշեր։

– Նախաքննության ժամանակ ճի՞շտ ցուցմունք եք տվել։

– Այո։

– Ձեզ վրա ճնշում չի՞ եղել։

– Ոչ։

Դատավորի այս հարցերը պայմանավորված էին նրանով, որ նախաքննության ժամանակ՝ քննիչի մոտ, վկան հայտնել էր հանգամանքներ, որոնք դատարանում այդպես էլ չնշեց։

Հաշվի առնելով, որ վկայի ցուցմունքներում էական հակասություններ կային՝ մեղադրող Դավիթ Նավասարդյանը միջնորդեց հրապարակել Վկայի նախաքննական ցուցմունքը։

Ըստ այդմ, 2022 թ․ դեկտեմբերին հարցաքննության ժամանակ վկան հայտնել է հետեւյալը․ «Գաբրիելյանը դուրս եկավ կապի, ուզեց զինամթերք, սնունդ, բայց այդ գնդապետին չասաց, որ զասադի մեջ են, ինձ ասաց՝ ուզում ես՝ մնա, ուզում ես՝ արի, հետո չասես՝ ինձ բան չես ասել, եթե մնաս, մեղքը՝ քո վիզը։ Ես էլ, տեսնելով, որ աջ եւ ձախ թեւերս բաց են մնալու, առավոտյան ընկնելու եմ շրջափակման մեջ, դուրս եմ եկել, դուրս գալու պահին դատախազ Արտաշ Ոսկանյանը եկավ, բարկացավ Հովիկի վրա, ասաց, որ նման բան անելու իրավունք չուներ․․․ Կարեն Առստամյանը նույնպես նախատեց դուրս գալու համար, այդ մասին տեղեկացրեց Ժիրայր Պողոսյանին․․․»։

Ցուցմունքի հրապարակումից հետո վկան ասաց, որ այդ մանրամասները մոռացել էր, այժմ հիշեց եւ պնդեց նախաքննական ցուցմունքը։

Գաբրիելյանն էլ վրդովվեց՝ դատախազը իր վրա՞ էր բարկացել թե՞ նրան ուղարկել էին Արալեռ՝ ստուգումների, վախեցել, եկել, իրեն էր խնդրում գնալ։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 28-ին։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով