azatutyun.am Իրավապահներն այս պահին խուզարկություն են իրականացնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր գրասենյակում, քիչ առաջ այս մասին «Ազատությանը» հայտնեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը։
Թե ինչ գործի շրջանակում է խուզարկությունը, փաստաբանն ասաց՝ հայտնի չէ։ Ըստ նրա՝ դիմակավորված ԱԱԾ աշխատողները թույլ չեն տալիս աշխատակիցներին մտնել շենք։
Տիգրան Հայրապետյանը նաև մանրամասնեց՝ իրավապահները սպասում են ընկերության տնօրենների խորհրդի նախագահին՝ Նարեկ Կարապետյանին, որպեսզի սկսեն խուզարկությունը։
1lurer.am-ին Քննչական կոմիտեից հայտնել են, որ խուզարկություններ են նաև ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը: Նա Սամվել Կարապետյանի եղբոր որդին է:
Իսկ News.am-ին հայտնել են, որ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում [ՀԷՑ-ում] կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ:
Հուլիսի 3-ին Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց ՀԷՑ-ի պետականացմանն ուղղված նախագիծը: Ընդդիմադիրները պնդում են՝ սա քաղաքական հետապնդում է ընկերության նախագահ, գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ եկեղեցին պաշտպանելու մասին հայտարարությունից հետո:
Քաղաքական հետապնդման մասին ընդդիմադիրների պնդումներին արձագանքելով՝ իշխանությունները հայտարարում են՝ գործընթացը Սամվել Կարապետյանի հայտարարությունից առաջ է սկսվել: