ՀԷՑ սեփականատերը պարտավոր է կատարել մինչեւ 2034 թվականի պլանային ներդրումային ծրագիրը․ Մեսրոպ Մեսրոպյան | aravot.am

aravot.am «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ներդրումային ծրագիրը մինչև 2034 թվականը հաստատված է, և սեփականատերը պարտավոր է շարունակել պլանային ներդրումները․ այսօր կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

«Իրենք պարտավոր են իրենց պլանավորված ներդրումներն անել այնպես, ինչպես կանեին, երբ չկար նշանակված ժամանակավոր կառավարիչ։ Ժամանակավոր կառավարիչի նշանակման հարցն առաջ է եկել այն պահից, երբ կառավարության լիազոր մարմնի կողմից, տվյալ դեպքում՝ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանից, ՀԾԿՀ-ն ստացել է հաղորդագրություն, որում հարց է բարձրացվում ՀԷՑ-ում կառավարման մենեջմենթի, տեխնիկական սպասարկման վատ որակի, մատուցվող ծառայությունների որակի, կատարված ներդրումների անարդյունավետության վերաբերյալ»,- ասաց Մեսրոպ Մեսրոպյանը։

Լրագրողը հետաքրքրվել էր՝ ինչու պետք է սեփականատերերը շարունակեն միլիարդների ներդրումներ անել, երբ ընկերությունը կառավարում է ոչ իրենց կողմից նշանակված կառավարիչը, սեփականատերը չի կարող վստահ լինել, որ իր ներդրումները ճիշտ են կառավարվում, ակնկալվող եկամուտը գեներացվելու է։

Մեսրոպ Մեսրոպյանը չմեկնաբանեց ՀԷՑ-ի մասով միջազգային արբիտրաժի որոշումը, իր լիազորությունների շրջանակից դուրս է հարցը։

Երեկ հայտնի դարձավ, որ 2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից»։

Դատարանը արգելել է ՀՀ կառավարությանը՝ ⁠ ⁠բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները, ⁠ ⁠փոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների կազմը, ⁠ ⁠հետ վերցնել ՀԷՑ-ի գործունեության լիցենզիաները ⁠ ⁠և որևէ կերպ սահմանափակել ընկերության բնական բիզնես գործունեությունը։

ՀՀ կառավարության պատասխան հայտարարության մեջ էլ ասվում է․ «Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը»։

Լրագրողներից մեկի հարցին էլ՝ ՀԷՑ-ում Ռոման Պետրոսյանի նշանակվելուց հետո այլևս էլեկտրաէներգիայի անջատումներ չե՞ն լինելու, Մեսրոպ Մեսրոպյանը պատասխանեց՝ մեկը մյուսի հետ կապ չունի:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով