ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարն արձագանքել է Դուբայում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրերին |armenpress.am

armepress.am Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը մեկնաբանել է Middle East Eye-ի հրապարակումն այն մասին, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պլանավորում են հուլիսին հանդիպում անցկացնել Դուբայում։

Թեմայի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը նշեց.

«Վարչապետի այցերի մասին ժամանակին տրամադրվում է պատշաճ տեղեկատվություն»։

Middle East Eye-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները ցանկանում է հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հանդիպումը՝ կովկասյան երկու ժողովուրդների միջև հարաբերությունները բարելավելու իր ջանքերի շրջանակներում։

Այս համատեքստում կայքը հիշեցրել է, որ հունիսի 25-ին Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը հեռախոսազրույցներ է անցկացրել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Middle East Eye-ը մեջբերել է այդ հեռախոսազրույցի վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության հետևյալ հատվածը.

«Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի շուրջ»:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով