Մենք կունենանք խաղաղություն: Հուսով եմ, որ այն անմիջապես կհաստատվի: Այս մասին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպմանն ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Տեսեք, պատերազմը կավարտվի։ Թե երբ, ես չեմ կարող ձեզ ասել: Բայց պատերազմը կավարտվի։ Պուտինը ցանկանում է, որ այն ավարտվի»,- ասել է Թրամփը։
Նա հայտարարել է, որ այսօր «կամ կլինի համաձայնագիր, կամ՝ ոչ:
«Եթե ոչ, ապա Ուկրաինայի աջակցությունը կդադարեցվի»,- ասել է նա:
Թրամփի խոսքերով՝ օրվա վերջում հստակ կարող է խոսել Ուկրաինայում ամերիկյան զորքերի տեղակայման հնարավորության մասին: ԱՄՆ նախագահը, պատասխանելով հարցին, թե արդյոք քննարկվում է Ուկրաինայում եվրոպական ուժերի ներկայությունը, հայտարարել է, որ այդ մասին կարող է հայտարարվել ԵՄ ղեկավարների հետ հանդիպումից հետո:
Թրամփը հայտարարել է, որ լավ առաջընթաց է գրանցվել Պուտինի հետ հանդիպման ժամանակ և հույս ունի, որ Զելենսկու հետ հանդիպմանը կհաջողվի առաջընթաց գրանցել։
«Ուկրաինայի նախագահին այստեղ տեսնելը մեծ պատիվ է: Եթե այսօր ամեն ինչ լավ ընթանա, եռակողմ հանդիպում կլինի»,- ասել է Թրամփը։
Հիշեցնենք՝ օգոստոսի 15-ին ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները «3+3» ձևաչափով Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների ավարտից հետո համատեղ հակիրճ մամուլի ասուլիս են անցկացրել Ալյասկայում գտնվող Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում: Սա Ուկրաինա ՌԴ-ի լայնածավալ ներխուժումից հետո ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների առաջին հանդիպումն էր։
Պուտինը բանակցություններն արդյունավետ է անվանել: Նա կրկին խոսել էր ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառների և այն մասին, որ դրանք պետք է վերացնել հակամարտությունն ավարտելու համար։ Իր հերթին Թրամփը նշել էր, որ կողմերը չեն կարողացել լիարժեք փոխըմբռնման հասնել, և գործարք դեռ չկա: Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը հանդիպումն անվանել էր «շատ արդյունավետ» և նշել, որ Վաշինգտոնին և Մոսկվային հաջողվել է համաձայնեցնել Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ շատ կետեր: ԱՄՆ նախագահի խոսքով՝ այժմ երկրները «լավ հնարավորություն ունեն խաղաղ կարգավորման հասնելու համար»: