Ճամփորդություններից առաջ առաջնահերթ ուշադրություն դարձրեք ճամփորդական փաստաթղթերին, հայտնում են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։
Բազմաթիվ հայտնի զբոսաշրջային ուղղություններով գործում է անձնագրի վավերականության 6-ամսյա կանոնը․ անձնագիրը պետք է վավեր լինի ևս վեց ամիս՝ հաշվված ճամփորդության վերադարձի ամսաթվից։ Նման պահանջ ունեն, օրինակ Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Չինաստանը, Հնդկաստանը և մի շարք այլ երկրներ։
Այսինքն, եթե օրինակ, Դուք մեկնելու եք հանգստանալու օգոստոսի 21-31-ը, ապա Ձեր անձնագրի վավերականության ժամկետը պետք է լրանա ավելի ուշ, քան 2026 թ․-ի փետրվարի 28-ը։
Կան երկրներ, որոնք պահանջում են անձնագրի ժամկետի եռամսյա վավերականություն՝ հաշվված ճամփորդության վերադարձի օրվանից, ինչպես՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և այլն։
Այս կարգավորումները ևս կարող են ժամանակ առ ժամանակ փոփոխության ենթարկվել, հետևաբար անհրաժեշտ է մշտապես ճշտել թարմացված և գործող կարգավորումը։
Հիշեցնում ենք, որ անձնագրի վավերականության հետ կապված խնդիրը օդանավակայանում հայտնաբերելիս, այն լուծել հնարավոր չէ, քանի որ անձնագրի թողարկման մեկօրյա ծառայությունը մատուցվում է դիմումին հաջոդող աշխատանքային օրը։ Նման իրավիճակներում Դուք ստիպված կլինեք չեղարկել կամ հետաձգել ճամփորդությունը»,-նշվում է հայտարարության մեջ։