civilnet.am Հայկական լրատվամիջոցներում հուլիսի 3-ից մեծ տարածում է ստացել մի տեղեկություն, թե Թուրքիայի Կարս նահանգում գտնվող պատմական Անիի մայր տաճարը վերանորոգումից հետո կվերաբացվի որպես մզկիթ։
Ի՞նչ է իրականում հայտարարել թուրքական կողմը
Թուրքական Anadolu պետական լրատվական գործակալության հուլիսի 3-ի հրապարակումը ներկայացնում է Անիի մայր տաճարում դեռ 2022 թվականից ընթացող վերանորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության ու Համաշխարհային հուշարձանների հիմնադրամի (World Monuments Fund – WMF) համագործակցությամբ։ Նյութում նշվում է, որ հուշարձանը կառուցվել է որպես եկեղեցի Բագրատունյաց թագավոր Սմբատ Բ-ի օրոք և վերածվել է իսլամական աղոթավայրի 1064 թվականին։
Սակայն Anadolu-ի հոդվածում որևէ նշում չկա, թե տաճարը կրկին կգործի որպես մզկիթ։ Նյութում հստակ ասվում է, որ շինությունը վերանորոգումից հետո «կբացվի այցելուների համար»։ Նույն ձևակերպումն է օգտագործվել նաև թուրքական այլ հայտնի՝ Daily Sabah և Turkiye Today լրատվական կայքերում:
Կարևոր է նշել, որ թուրքական լրատվամիջոցները կառույցն անվանում են «Fethiye Camii» («Նվաճման մզկիթ»)՝ պատմական հիշատակությամբ, քանի որ 1064 թվականին սելջուկյան զորավար Ալփ Արսլանը հենց այստեղ է կատարել Թուրքիայի ներկայիս տարածքում առաջին ուրբաթօրյա աղոթքը։ Այս անվանումը, սակայն, վերաբերում է միայն տվյալ ժամանակաշրջանի կրոնական գործածությանը, այլ ոչ թե ներկա կարգավիճակի փոփոխությանը։
Բացի այդ, թուրքական լրատվամիջոցները, հիշատակելով տաճարի քրիստոնեական ծագումն ու դրա ճարտարապետ Տրդատին, չեն նշում, որ թե՛ կառույցը, թե՛ ճարտարապետը հայկական ծագում ունեն։ Նշենք, որ Տրդատը հայտնի է նաև Կոստանդնուպոլսի (ներկայիս Ստամբուլի) Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) բյուզանդական տաճարի գմբեթի վերականգնման աշխատանքներով, որը Թուրքիայի իշխանությունները 2020-ին վերածեցին մզկիթի։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։