Պարեկային ծառայությունը և Օպերատիվ կառավարման կենտրոնը ցույց են տվել, որ մեր երկրում հնարավոր է ունենալ բովանդակային փոփոխություն․ ՆԳ նախարար

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 7-ին Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիրում մասնակցել է ծառայությունների կազմավորման 4-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից:

Ներկա էին Ոստիկանության պետը, տեղակալները, ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը, պարեկային ծառայողներ։

Շնորհավորելով ներկաներին՝ նախարար Սարգսյանն ընդգծել է, որ ոստիկանության պատմության մեջ 4 տարին կարող է կարճ ժամանակահատված թվալ, սակայն այդ ընթացքում կատարվել է բարդ և ինտենսիվ աշխատանք․ ծառայության ձևավորումը տեղի է ունեցել Հայաստանի համար բարդ շրջանում։ Չնայած եղած մարտահրավերներին՝ ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումները չեն կասեցվել և 2021 թվականին ծառայության մեկնարկը դրա վառ վկայությունն է։ Նախարարի խոսքով ծառայությունը կայացել է՝ սահմանելով ոստիկանական աշխատանքի նոր նշաձող, շարունակում է կատարելագործվել և այդ նշաձողը պետք է բարձրանա յուրաքանչյուրի ամենօրյա աշխատանքով։

«Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորումը նոր խոսք է իր հետ բերել ոստիկանության աշխատանքի և, առավելապես, հանրությանը մատուցվող ծառայությունների որակի և փիլիսոփայության տեսանկյունից։ 4 տարվա ընթացքում մենք մի շարք նմաճումներ ենք ունեցել և Պարեկային ծառայությունը և Օպերատիվ կառավարման կենտրոնը լինելով առաջամարտիկը ոստիկանության ոլորտի բարեփոխումների իրականացման, ցույց են տվել, որ հնարավոր է ունենալ նման բովանդակային փոփոխություն Հայաստանի Հանրապետությունում»,- նշել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Նախարարը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունն ունեցել է քաղաքական կամք և հանձնառություն՝ դրանով իսկ լինելով բարեփոխումների սեփականատերն ու արձանագրելով շոշափելի արդյունքներ։

«Այն բոլոր խնդիրները, որոնք մենք արձանագրել ենք ծառայության գործունեության ընթացքում պետք է հետևողականորեն յուրաքանչյուրիդ ներդրած ջանքի արդյունքում դրանք լուծվեն և թողնեն միայն այն դրականը և լավը, որը մենք բոլորս արձանագրում ենք ծառայության տեսանկյունից։ Ես ուզում եմ, որ առաջամարտիկ լինելով բարեփոխումների տրամաբանության մեջ դուք շարունակեք իրականացնել տարբեր ուղղություններով առաջատար լինելու ձեր առաքելությունը և դրանով վարակեք նաև ձեր մյուս գործընկերներին»,- նշել է ՆԳ նախարարը։

Բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի խումբ ծառայողներ ՆԳ նախարարի, Ոստիկանապետի և ՊԾ պետի կողմից արժանացել են պարգևների։

Ցուցադրական ելույթով հանդես են եկել ճանապարհային երթևեկության կարգավորում իրականացնող պարեկները։

Ներկայացվել են տրանսպորտային միջոցի հետապնդման, կանգնեցման, ռիսկային գործողությունների իրականացման սցենարային իրավիճակներ։ Ցուցադրման ընթացքում առանձնահատուկ ընդգծվել է պարեկային կարգախմբերի պատրաստվածության աստիճանը՝ տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու, վերահսկելի և համակարգված հետապնդում իրականացնելու, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պայմաններում հնարավորինս անվտանգ և պրոֆեսիոնալ միջամտելու ունակությունը։

Տոնական միջոցառումը շարունակվել է Ոստիկանության զորքերի երգչախմբի և պարային համույթի ելույթներով։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և Ոստիկանության ղեկավար կազմը շարային ստուգատեսի ընթացքում ծանոթացել են պարեկային մեքենաների, մոտոցիկլետների ու սեգվեյների համալրվածությանը, տեխնիկական վիճակին, օգտագործվող հատուկ տեխնիկայի և սարքավորումների հագեցվածությանը։

Ավարտին նախարար Սարգսյանը, ոստիկանության պետն ու ոստիկանության ղեկավար կազմը ծաղիկներ են խոնարհել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով