Սպանված Պողոս Պողոսյանի որդին արտաշիրիմում անելու համաձայնություն է տվել | aravot.am

aravot.am

Երևանի քրեական դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց ավելի քան 24 տարի առաջ «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանության գործի քննությունը:

20 տարի առաջ այդ սպանության համար դատապարտված Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Աղամալ Հարությունյանի՝ (մականունը՝ Կուկու), շահերի ներկայացուցիչ Ռոբերտ Բեջանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօրվա նիստում տուժողի իրավահաջորդը՝ սպանված Պողոս Պողոսյանի որդին արտաշիրիմում անելու համաձայնություն է տվել։

Հիշեցնենք, 20 տարի անց այս գործը վերաբացվել էր՝ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ Ըստ դատախազության՝ վկա Սթիվեն Նյուտոնի հայտարարությունն առերևույթ վկայում է Պողոս Պողոսյանին կյանքից ոչ թե անզգուշությամբ զրկվելու, այլ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանության մասին:

Հիշեցնենք, որ Պողոս Պողոսյանը սպանվել է 2001 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը։ Այդ օրը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է «Առագաստ» սրճարան և, ըստ գործում առկա տվյալների, Պողոս Պողոսյանը, նրան տեսնելով, ասել է՝ «պրիվետ Ռոբ», ինչն էլ դարձել է Քոչարյանի թիկնապահների հետ վիճաբանության պատճառ։ Դեպքի առթիվ 2001 թվականին քրեական գործ է հարուցվել ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով, այսինքն՝ հանցավոր անփութությամբ անզգույշ սպանություն կատարելը, Աղամալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել։

Վերջին շրջանում այս գործով նիստերը հետաձգվում են, քանի որ այն ժամանակ հիմնական վկա Ստվեն Նյուտոնը 2025 թվականի մարտի 14-ին Հայաստանում է եղել, դատավոր Կարեն Ֆարխյանն արտահերթ նիստ է նշանակել ու քննել է վկային։ Վկայի այդ օր հայտնած տեղեկությունների մեջ թե դատարանը, թե կողմերը հակասություններ են արձանագրել, ուստի նիստերը առանց նրա մասնակցության չեն կարող շարունակվել։

Ըստ Ռոբերտ Բեջանյանի, այդ օրվա ցուցմունքում ասել է, որ Աղամալ Հարությունյանին զուգարանի դռան մուտքի ձախ հատվածում, Ստեփան Նալբանդյանին էր ծեծում, խփում, ես գոռացի՝ դադարեցրեց։ Այդ նույն ժամանակահատվածում Պողոս Պողոսյանն ընկած է եղել գետնին՝ գլուխը դեպի զուգարանակոնքը, ոտքերը՝ դեպի դուրս՝ զուգարանի դուռը։ ՆՐան ծեծում էին, խփում էին 4-5 հոգով։ Հարցին՝ արդյո՞ք Նյուտոնը Պողոս Պողոսյանի եւ Աղամալ Հարությունյանի միջև քաշքշուկի ականատես եղե՞լ է, Հարությունյանը հարվածե՞լ է Պողոսյանին, Նյուտոնը պատասխանել է, որ նման բան չի տեսել։ Վկան պատմել է, որ մինչեւ Պողոս Պողոսյանի զուգարան մտնելն ինքը տեսել է, թե ինչպես է նա սրճարանի աստիճանների մոտ վիճաբանում մի քանի անձի հետ։ Իսկ երբ Պողոսյանն ընկած է եղել, նրա դեմքի շրջանում բազմաթիվ վնասվածքներ են եղել։

Պաշտպանի դիտարկմամբ՝ Ստիվեն Նյուտոնը իր ցուցմունքով «շիլափլավ» է սարքել եւ իր համար առնվազն հասկանալի չէ, թե ինչպե՞ս է այդ լաբիրինթից դուրս գալու։ Հետաքրքրվեցինք՝ որքա՞ն կարող են Նյուտոնի բացակայության պատճառով նիստերը հետաձգվել, նման դեպքերում կա՞ իրավական պրակտիկա, ի՞նչ լուծումներ են հնարավոր։

«Դատարանը գտնում է, որ հակասությունները շատ են, կանչում է, որ քննի, նա էլ չկա․ ի՞նչ անի։ Ի վերջո պետք է քննվի նոր ի հայտ եկած հանգամանքները, Ստիվեն Նյուտոնը որոշ հարցերի պատասխաններ պետք է տա»,- ասաց պաշտպանը՝հավելելով, որ իրականում գործը հայտնվել է փակուղում, քանի որ Նյուտոնի ներկայությունը պետությունը չի կարողանում ապահովել։

«Համ ասում է՝ 24 տարի է անցել, բան չեմ հիշում, համ էլ 23-24 տարի առաջ իր գրածից դուրս նոր բաներ ասաց, ինչն անհավանական է»,- ասաց Ռոբերտ Բեջանյանը։

Հարցին՝ չի՞ կարծում, որ այս գործընթացը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ճնշումներ ապահովելու նպատակ ունի եւ քաղաքական է, պատասխանեց, որ ամեն ինչ էլ հնարավոր է, բայց ձեռնպահ կմնա նման գնահատականներից, քանի որ ինքը Աղամալ Հարությունյանի շահերն ու իրավունքներն է ներկայացնում եւ բացառապես այդ հարթությունից է հանդես գալիս․«4-5 հոգով են ծեծել, ի՞նչ են արել․․․ փաստորեն, ըստ Նյուտոնի ասելու, իմ պաշտպանյալը կանգնած է եղել զուգարանի դռան մուտքի մոտ եւ Նյուտոնը, որ ներս է մտել՝ իրենից ձախ, Նալբանդյանի հետ կռվելիս է եղել եւ զուգարանում 4-5 հոգով Պողոս Պողոսյանին ծեծել են․ ձեռքերով, ոտքերով հարվածներ են հասցրել գլխին ու մարմնի տարբեր մասերին։ Փաստորեն, Նյուտոնի ասելով, այն ժամանակ իմ պաշտպանյալին անհիմն մեղադրանք է առաջադրվել, ինքն այն ժամանակ էլ չի ընդունել անզգուշությամբ սպանության մեղադրանքը, հիմա էլ չի ընդունում։ Փաստորեն, Նյուտոնը արդարացրեց Աղամալ Հարությունյանին, ասաց՝ 4-5 հոգով ծեծում էին։ Բնական է, դիակին չէին ծեծի, եթե իմ պաշտպանյալի հրելուց կամ ծեծելուց մահացած լիներ Պողոս Պողոսյանը, մահացած մարդուն չէին ծեծի։ Ուրեմն, կենդանի է եղել, մարդն էլ ասում է՝ 4-5 հոգով ծեծում էին․ թող գնան ման գան եւ գտնեն՝ ովքե՞ր էին այդ 4-5 հոգին»։

Ստվեն Նյուտոնն անուններ չի տալիս։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև