Պորտուգալական ֆուտբոլի գաղտնիքները՝ Հայաստանում. երկու երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահները հուշագիր են ստորագրել | armenpress.am

armenpress.am Հայաստանի և Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահները սեպտեմբերի 6-ին, երկու երկրների ազգային հավաքականների մասնակցությամբ աշխարհի առաջնության ընտրական խաղից առաջ, ստորագրել են երկկողմ հարաբերությունները կարգավորող հուշագիր։

Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հուշագրով նախատեսվում է կազմակերպել և անցկացնել միջազգային մրցաշարեր, կրթական ծրագրեր, սեմինարներ և գիտաժողովներ, փորձի ու մասնագիտական գիտելիքների փոխանակում մարզական ենթակառուցվածքների կառուցման ու կառավարման, սպորտային և գիտական սարքավորումների կիրառման, ինչպես նաև սպորտային գիտության և բժշկության ոլորտներում։ Հատուկ ուշադրություն է դարձվելու մարզիչների և տեխնիկական անձնակազմի կրթությանն ու վերապատրաստմանը։

Կողմերը պայմանավորվել են անցկացնել նաև ֆուտբոլի և ֆուտզալի ընկերական հանդիպումներ։

Մեկնաբանելով հուշագրի ստորագրումը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը նշել է․

«Շատ մեծ օգուտներ կարող ենք քաղել այս հուշագրից։ Ամենակարևորը՝ կարող ենք ստանալ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փորձը։ Գիտենք, թե այն ինչպիսի որակյալ աշխատանք է կատարում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ուղղությամբ։ Նաև շատ կարևոր կլինի, եթե պորտուգալական կողմը, ինչի մասին արդեն պայմանավորվել ենք, մեզ որոշակի խորհրդատվություն տրամադրի պրոֆեսիոնալ լիգայի ստեղծման վերաբերյալ»։

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Պեդրո Պրոենսան ստորագրված փաստաթուղթն անվանել է նոր հարաբերությունների սկիզբ՝ նշելով, որ այս հուշագրով իրենք Հայաստան կբերեն պորտուգալական ֆուտբոլի գաղտնիքները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն