2025 թվականի օգոստոսի 14-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի և Ռումինիայի ավիացիոն իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանի և Ռումինիայի քաղաքացիական ավիացիոն իշխանության գլխավոր տնօրեն Նիկոլաե Ստոյկայի գլխավորությամբ։
Ինչպես հայտնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր, ինչպես նաև հանդիպման արդյունքում ստորագրվել է «Ռումինիայի քաղաքացիական ավիացիայի իշխանության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի միջև ավիացիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր։
«Փոխըմբռնման հուշագրի ստորագրումը նպատակաուղղված է Հայաստանի և Ռումինիայի միջև քաղաքացիական ավիացիայի ոլորտում առկա համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը՝ համապատասխան մասնագետների ներգրավման, մասնագիտական գիտելիքների և լավագույն փորձի փոխանակման միջոցով»,- նշում են Կոմիտեից։