Սահմանադրական փոփոխությունների շուրջ խորհրդի քննարկումները կսկսվեն առաջիկա երկու շաբաթում. նախարար | civilnet.am

civilnet.am Սահմանադրության տեքստի մշակմանն ուղղված գաղափարական հիմնադրույթների շուրջ քննարկումները տեղի կունենան առաջիկա երկու շաբաթվա ընթացքում՝ խորհրդի առաջին նիստում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Երբ որոշումները կունենանք խորհրդի համաձայնության տեքստով, արդեն կլրամշակենք տեքստն ու կվերջնականացնենք»,- նշեց նախարարը։

Գալյանի խոսքով՝ արդեն ձևավորվել են որոշ հիմնադրույթներ, սակայն կան հարցեր, որոնց շուրջ դեռ հստակություն չկա։ «Շատ հիմնադրույթների վերաբերյալ պատկերացում կա արդեն, որոշների վերաբերյալ որոշակիություն դեռ չկա, դա ևս պետք է ձևավորվի քննարկումների արդյունքում»,- ասաց նախարարը։

Նախարարը հրաժարվեց նշել, թե Սահմանադրության տեքստի քանի տոկոսն է մշակվել՝ ընդգծելով․ «Հնարավոր է քննարկումների արդյունքում շատ բան փոխվի»։

Ըստ Գալյանի՝ սահմանադրական փոփոխությունների շրջանակում խորհրդի հետ քննարկման ենթակա է լինելու նաև Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի վերաբերյալ հարցը։

«Քննարկման արդյունքներով խորհուրդն է որոշելու՝ Սահմանադրության նախաբանից կհանվի Անկախության հռչակագրին հղումը, թե ոչ»,- ընդգծեց նախարարը։

Նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին վարչապետը խոսել է Բաքվից հնչող պահանջների ֆոնին։ Չնայած, որ 2018-ի հեղափոխությունից հետո Փաշինյանը հայտարարել էր սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին։ 2019-ի հունիսին ստեղծվել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով՝ կենտրոնանալով դատական բարեփոխումների և կառավարման մոդելի վրա։

Բաքուն պնդում է, որ Հայաստանի Սահմանադրության նախաբանը, որը հղում է անում Հայաստանի 1990-ի Անկախության հռչակագրին, տարածքային պահանջ է ենթադրում Ադրբեջանին, քանի որ Անկախության հռչակագիրն իր հերթին հղում է անում Հայկական ԽՍՀ-ի՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վերամիավորման մասին օրենքին։

Պաշտոնական Բաքուն պարբերաբար հայտարարում է, որ «Խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով