Հայաստանում խաղային գործունեության ոլորտում օպերատորի ընտրության մրցույթ կանցկացվի։ «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան Պետական եկամուտների կոմիտեի մշակած նախագծն այսօր ընդունվել է Կառավարության նիստում։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը գործընկերներին է ներկայացրել «Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի անցկացման ընթացակարգը, օպերատորի ընտրության ընթացակարգին կոնսորցիումով մասնակցության կարգը, օպերատորի հետ պայմանագրի կնքման կարգը և մրցույթը չկայացած համարվելու հիմքերը սահմանելու մասին» նախագիծը։
Նախագծով սահմանվում է ինչպես խաղային ոլորտում օպերատորի ընտրության մրցույթի կազմակերպման և անցկացման հստակ կարգը, մրցույթի փուլերն ու պայմանները, այնպես էլ կոնսորցիումով մասնակցության հնարավորությունները, հաղթող օպերատորի հետ պայմանագրի կնքման ընթացակարգը, այդ թվում՝ այն դեպքերը, երբ մրցույթը կարող է համարվել չկայացած։ Փաստաթղթով հստակ սահմանվում է նաև հաղթող հայտատուի հետ պայմանագրի կնքման կարգը:
Փաստաթղթով հստակեցված է, որ օպերատորը պետք է ընտրվի բաց մրցույթով՝ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, իսկ հայտերի ներկայացման համար սահմանվել են նվազագույն ժամկետներ։
Էդուարդ Հակոբյանը թվարկել է հաղթող օպերատորի հիմնական գործառույթները, մասնավորապես՝ խաղային արտադրանքների համապատասխանության սերտիֆիկատների տրամադրում կամ միջազգային ստանդարտի հավաստագիր ունեցող լաբորատորիայի կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատների իսկության հավաստում, մոնիտորինգային կենտրոնի ստեղծում և բնականոն աշխատանքի ապահովում, խաղային արտադրանքների մոնիտորինգային կենտրոնին միացում և այլն։ Օպերատորի մոնիտորինգային կենտրոնին են միանալու կազմակերպիչների համապատասխան խաղային սարքավորումները, հարթակները, սերվերները և այլն։
Համակարգը թույլ կտա վերահսկել կազմակերպիչների ֆինանսական հոսքերը, խաղացողների կողմից գրանցած շահումները, ինչպես նաև՝ վերահսկել խաղային սարքավորումների և ծրագրային ապահովման միջոցների տեխնիկական վիճակը։
Նախաձեռնության նպատակը խաղային ոլորտի կառավարման հստակ, թափանցիկ, մրցակցային ու արդյունավետ մեխանիզմների ապահովումն է՝ բացառելով խտրական կամ անհավասար մոտեցումները։ Նոր կարգավորումներով նախատեսվում է խաղային գործունեության ոլորտում ներդնել միջազգային լավագույն փորձին համարժեք ընթացակարգեր՝ ուժեղացնելով պետական վերահսկողությունը։