Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հոգեւոր վերնախավի կուսակրոնությանն առնչվող ֆեյսբուքյան գրառումների առթիվ։ Այս մասին «Ինֆոքոմի» գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Հանձնաժողովից։
«Ինֆոքոմը» գրավոր հարցմամբ դիմել էր ԿԿՀ-ին՝ հետաքրքրվելով՝ ԿԿՀ-ն ուսումնասիրե՞լ է վարչապետի ֆեյսբուքյան պաշտոնական էջում 30.05.2025 թ.-ին արված գրառումները (հղումները՝ 1, 2, 3), որտեղ նա անդրադառնում է Կաթողիկոսի եւ հոգեւոր վերնախավի կուսակրոնության ուխտին։
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով է սահմանվում, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները պարտավոր են պահպանել նույն օրենքով սահմանված վարքագծի սկզբունքները եւ դրանցից բխող վարքագծի կանոնները:
Հիշյալ սկզբունքներն են հանրությանը ծառայելու գիտակցումը, հավատարմությունը հանրային շահին, բարեկրթությունը եւ հարգալիրությունը, բարեխղճությունը, օբյեկտիվությունը:
Սկզբունքներից բխող վարքագծի կանոններն էլ, ըստ նույն օրենքի, սահմանել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Ըստ այդմ, հանրային պաշտոն զբաղեցնող անձը պետք է զերծ մնա սոցիալական մեդիայի օգտահաշիվներից այնպիսի գրառումներ, հավանումներ անելուց կամ վերաբերմունք արտահայտող այլ նշաններ կիրառելուց, որոնք կարող են վնասել, նսեմացնել կամ այլ եղանակով արատավորել հանրային ծառայության հեղինակությունը, կասկածի տակ առնել հանրային ծառայությունում իր լիազորությունների անաչառ և պատշաճ իրականացումը: Նույն կանոնների համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է ի պաշտոնե հանդես գալիս՝ ցանկացած իրավիճակում, ցուցաբերել բարեկրթություն, քաղաքավարություն, նրբանկատություն եւ զսպվածություն։
Այս համատեքստում Հանձնաժողովից խնդրել էինք հայտնել՝ վարքագծի կանոնների առերեւույթ խախտում տեսնում են թե ոչ, եթե այո, կոնկրետ որ հոդվածի/հոդվածների։
Ի պատասխան՝ ԿԿՀ-ից հայտնել են, որ հրապարակումներն ուսումնասիրվել են Հանձնաժողովի կողմից իրականացվող մեդիամոնիթորինգի շրջանակներում․ «2025 թվականի հունիսի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին N 08/2025/Վ/Վ որոշումը՝ հիմք ընդունելով դեպքի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումները»,- նշել են կառույցից՝ չկոնկրետացնելով, թե վարքագծի որ կանոնի առերեւույթ խախտում են արձանագրել։
Հիշեցնենք՝ ավելի վաղ՝ մայիսի 15-ին, ԿԿՀ-ն մեկ այլ վարույթ էլ հարուցել էր Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 7-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի ժամանակ արված մի շարք արտահայտությունների առնչությամբ։
Վարույթի արդյունքում որոշում կայացնելու առավելագույն ժամկետը, ըստ օրենքի, 90 օր է։
Միլենա Խաչիկյան