Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ու Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հետևել են նաև Գյումրիում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։
Պատասխանատուների առաջին կանգառը եղել է Մ-1 Երևան–Գյումրի-Վրաստանի սահման (Բավրա) միջպետական ավտոմոբիլային ճանապարհի դեպի «Շիրակ» օդանավակայան 2կմ երկարությամբ հատվածում, որտեղ ընթանում են միջին նորոգման աշխատանքներ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ իրականացվող ծրագրի պայմանագրային արժեքը 276 մլն դրամ է։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը լրագրողների հետ զրույցում կարևորել է մարզում ընթացող աննախադեպ ծավալի շինարարական աշխատանքները, իրականացվող վերահսկողությունն ու թերացումների բացառաումը․
«Մարզի ողջ տարածքով լայնածավալ շինարարական աշխատանքներ են իրականացվում, դպրոցներում, մանկապարտեզներում ընթացող աշխատանքներից զատ, հիմնանորոգվում են ճանապարհներ, ենթակառուցվածքներ։ Շիրակի մարզպետի աշխատակազմի պատասխանատուները պարբերաբար այցելում են շինհրապարակներ, հետևում աշխատանքների ընթացքին, որպեսզի հնարավորինս բացառվեն թերացումներն ու բացթողումները և պահպանվեն ժամկետները»։
2025 թվականին մեկնարկած սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Գյումրի համայնքի Դանիելյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները։ 123 մլն 545 հազար դրամ արժողությամբ ենթածրագրում 55 մլն 595 հազար դրամը պետության մասնաբաժինն է։ Աշխատանքների ավարտից հետո Գյումրին կունենա 475 մ երկարությամբ հիմնանորոգված ճանապարհահատված։
Ընթացքի մեջ են նաև Գյումրի համայնքի Խնկոյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները։ 75 մլն 362 հազար դրամի շրջանակներում իրականացվող ծրագրի արդյունքում նախատեսվում է հիմնանորոգել 247մ երկարությամբ ճանապարհահատված։
Գյումրի համայնքում պատասխանատուների վերջին կանգառը Շիրակացի փողոց՝ Մ-1, Երևան – Գյումրի -ՀՀ սահման (Բավրա) միջպետական նշանակության ավտոճանապարհի 2,4 կմ տարանցիկ հատվածն է եղել։ 888 մլն դրամ արժեքով ծագրի պատվիրատուն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է։