Փաթեթներով թմրամիջոց տեղադրող երիտասարդ է կալանավորվել․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել է տեղեկություն, որ Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդն ապօրինի ձեռք է բերում թմրամիջոց և իր կողմից շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով դրանք տեղադրելով իրացնում Հրազդան և Չարենցավան քաղաքների տարբեր վայրերում, մասնավորապես` Չարենցավանի «Գանգրահեր տղան» արձանի մոտակայքում։

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հուլիսի 31-ին` ժամը 20.15-ին, Կոտայքի մարզի Ֆանտան գյուղում երիտասարդը ձերբակալվեց և մեքենայով հանդերձ տեղափոխվեց վարչություն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մոխրացված հետքերով երկու կաթուցիչ և մարիխուանայի նմանվող զանգված։

«Պարզվել է, որ նույն օրը տելեգրամյան մի օգտատիրոջ հետ պայմանավորվել և իրացնելու նպատակով Ձորաղբյուր գյուղի տարածքից վերցրել է մեկ գրամանոց 40 փաթեթ, որոնք տեղադրել է Չարենցավանի և Հրազդանի տարբեր վայրերում, ինչի համար օգտատերն իրեն պետք է յուրաքանչյուրի համար վճարեր 9 դոլար:
Երիտասարդն ու կազմված փաստաթղթերն ուղարկվել են Չարենցավանի քննչական բաժին։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում Հրազդանում և Չարենցավանում հայտնաբերվել է մարիխուանայով լցված և արդեն տեղադրված 18 փաթեթ։

Երիտասարդի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև