factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ զույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի հիմնական արդյունքների մասին։ Մասուդ Փեզեշքիանն աջակցություն է հայտնել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերին:
Քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր, այդ թվում՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում։
«Անդրադարձ է կատարվել նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին և Հարավային Կովկասի տարածաշրջանում զարգացումներին»,- ասվում է Կրեմլի հաղորդագրությունում։
Կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը՝ ընդլայնելու ռուս-իրանական համագործակցությունը տարբեր ոլորտներում և պայմանավորվել են հանդիպել Չինաստանում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ։
Իրանի նախագահականի հաղորդմամբ էլ՝ Փեզեշքիանը գոհունակություն է հայտնել Ալյասկայի բանակցությունների արդյունքներից՝ հույս հայտնելով, որ բանակցությունները կնպաստեն Ուկրաինայի ճգնաժամի արագ կարգավորմանը։
Փեզեշքիանը պաշտպանել է Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ 3+3 երկխոսության շրջանակը՝ որպես Կովկասյան տարածաշրջանում առկա խնդիրները լուծելու ավելի արդյունավետ մեխանիզմ։