Օգոստոսի 2-ից ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով կարող են 3 ամիս մեքենա վարել

Հայաստանի այն քաղաքացիները կամ երկքաղաքացիները, որոնք վարորդական իրավունքի վկայական են ստացել արտասահմանում և չունեն ազգային վարորդական իրավունքի վկայական, մեր երկրում վարելիս տարիներ շարունակ հայտնվում էին անհարմար իրավիճակում և ենթարկվում վարչական պատասխանատվության։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից:

Միայն 2025 թվականի առաջին կիսամյակում կազմվել է այդպիսի 8020 արձանագրություն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 5264։

Խնդրի լուծման նպատակով Ներքին գործերի նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություն, որը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 2-ից։

ՊԾ պետի տեղակալ Արման Չիլինգարյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացիություն, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցող անձին, օտարերկրյա վարորդական վկայականով կթույլատրվի վարել տրանսպորտային միջոց՝ Հայաստանն մուտք գործելու պահից սկսած երեք ամսվա ընթացքում։
Տրված ժամանակահատվածում նա պետք է կա՛մ դիմի համապատասխան հաշվառման-քննական ստորաբաժանում և փոխանակի իր օտարերկրյա վարորդական վկայականը Հայաստանի ազգային վարորդական վկայականով, կա՛մ լքի Հանրապետության տարածքը և, ցանկության դեպքում, վերադառնա։ Այս պարագայում երեքամսյա ժամկետը վերստին սկսվում է մուտք գործելու պահից։

Անհրաժեշտ է, որ օտարերկրյա վարորդական վկայականով մեր երկրում վարող Հայաստանի քաղաքացիները կամ երկքաղաքացիներն իրենց մոտ ունենան Հայաստան մուտքը հավաստող փաստաթուղթ:

Միևնույն ժամանակ գործում է անցումային դրույթ, ըստ որի՝ օրենքի ուժի մեջ մտնելու պահին արդեն իսկ Հայաստանում գտնվող քաղաքացիներն ու երկքաղաքացիների վրա ևս օրենքը տարածվում է։

ՆԳ նախարարության նախաձեռնած այս բարեփոխումները նպատակ ունեն ամրապնդելու հանրային անվտանգությունը և զարգացնել անվտանգ վարորդական մշակույթը՝ միաժամանակ ապահովելով առավել պարզ ու հարմար ընթացակարգ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն