tert.am: ԱՄՆ բանակի և հետախուզական ծառայությունների գաղտնի փաստաթղթերը, որոնք իբր հայտնվել են համացանցում, ստիպել են Կիևին փոխել իր «ռազմական պլանները»:
Այս մասին հայտնել է CNN-ը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին մոտ կանգնած աղբյուրին։
Նրա խոսքով՝ Ուկրաինան արդեն փոխել է «իր որոշ ռազմական պլաններ»՝ կապված փաստաթղթերի հետ, որոնցում տեղեկություններ են հայտնվել նաև Կիևի ուժայինների մարտական ներուժի մակարդակի մասին։ Միաժամանակ հեռուստաալիքը չի հստակեցնում, թե ինչ փոփոխություններ են դրանք և դրանց մասշտաբները։
Ավելի վաղ Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը հայտնել էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ստուգում է իբր գաղտնի փաստաթղթերի իսկությունը, որոնք հայտնվել են համացանցում։