Արմեն Դարբինյանը հեռանում է Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի պաշտոնից: Այս մասին գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:
Դարբինյանը նշել է, որ մայիսի 14-ին լրանում է որպես Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր լիազորությունների իր ժամկետը և ինքը դիմել էր համալսարանի համահիմնադիրներին (ՀՀ և ՌԴ կառավարություններին)՝ հայտնելով իր պատրաստակամությունը վերընտրվելու ևս հինգ տարի ժամկետով և հայցելով նրանց աջակցությունը: Նման աջակցություն, սակայն, երկու կողմերից էլ չի ստացել:
«Ենթադրում եմ, որ նոր աշխարհաքաղաքական իրավիճակում առաջացել են նոր խնդիրներ, որոնց լուծման համար իմ թեկնածությունը լավագույնը չէ: Այս իմաստով լիովին համաձայն եմ կողմերի հետ:
Իսկ սա նշանակում է մեկ բան. առաջիկայում կայանալիք ընտրություններին՝ չնայած համալսարանի ողջ անձնակազմի կողմից ինձ՝ որպես միասնական թեկնածու առաջադրման հանգամանքին, ես չեմ մասնակցելու։ Ինձ մնում է Շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության բոլոր ժամանակների կառավարություններին՝ քսանմեկուկես տարի կառուցողական ակադեմիական աշխատանք կատարելու այս հրաշալի հնարավորության համար: Արդյունքում ունենք զրոյից աճած, օբյեկտիվ չափանիշներով միջազգային վարկանիշներում Հայաստանի ԼԱՎԱԳՈՒՅՆ համալսարան ճանաչված հաստատություն»,- գրել է նա:
Արմեն Դարբինյանը չի բացառել, որ կարող է ստեղծել մասնավոր համալսարան: