Քաղաքապետարանում կայացած նիստին անդրադարձել են Արամ Մանուկյանի հուշարձանի տարածքի անբարեկարգ վիճակին |armtimes.com|

armtimes.com: Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ համացանցում տարածվող մի տեղեկատվության՝ կապված Արամ Մանուկյանի հուշարձանի հարակից տարածքի բարեկարգման հետ:

«Խոսակցություններ կան, ասում են, թե աշխատանքը, որը կատարվել է, բավարար որակով չի կատարվել։ Պարոն Գրիգորյան, հիմա ես ուզում եմ հասկանալ՝ իրոք այդպե՞ս է, թե՞ ոչ»,- ասաց Ավինյանը՝ դիմելով Շինարարության և բարեկարգման վարչության ղեկավարի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանին։

«Դեռևս անցած տարվա գործակարգավարական նիստերի ժամանակ քննարկվել ու փաստվել է, որ որոշակի հատված ծավալաթերթում ներառված չի եղել, ու դրա համար մենք առանձին մրցույթ էինք հայտարարել։ 12 միլիոնով շահող կազմակերպություն կա, որն այս պահին իրականացնում է Արամ Մանուկյանի արձանի շուրջ գտնվող հատվածի վերանորոգման աշխատանքները։ Սա իրականում մանիպուլյացիա է, թե մեր կատարած աշխատանքները որակով չեն եղել, որովհետև այդ հատվածում երբևէ այդ ծավալներով որևէ շինաշխատանք չի մեկնարկել։ Նույն խնդիրը ունենք նաև «Հաղթանակ» կամրջի հետ կապված։ Իբրև այնտեղ էլ ծավալներին չհամապատասխանող կատարողական ենք տվել։ Ուզում եմ տեղեկացնել, որ սա ևս սուտ է, որովհետև այս պահի դրությամբ դեռ որևէ կատարողական էլ տրված չէ»,- պարզաբանեց Գրիգորյանը։

Տիգրան Ավինյանն էլ առաջարկեց. «Այսուհետ եթե անում ենք շինբարեկարգման աշխատանքներ, պետք է տեղեր չթողնենք, որոնք ներառված չեն նախագծում: Եթե անում ենք ամբողջական պետք է անենք, որ հետո չստացվի՝ մենք գործի ինչ-որ հատված արեցինք և ինչ-որ հատված բաց մնաց: Թե չէ առիթ ենք ստեղծում մարդկանց սելֆիներ անելու ջարդված քարերի հետ»: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև