ԱՄՆ պետքարտուղար Մակո Ռուբիոն շնորհավորել է Հայաստանին և հայ ժողովրդին՝ Անկախության 34-րդ տարեդարձի առթիվ։
«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին Անկախության 34-րդ տարեդարձի կապակցությամբ։ ԱՄՆ-ն կանգնած է Հայաստանի կողքին՝ որպես մեր արժեքավոր գործընկեր, երբ մենք առաջ ենք մղում խաղաղության, բարօրության և կայունության մեր ընդհանուր նպատակները Հարավային Կովկասում։ Մեր ամուր հարաբերությունները հիմնված են մշակութային խոր կապերի, ընդհանուր սկզբունքների և տարածաշրջանային անվտանգության ու տնտեսական հնարավորությունների հանդեպ փոխադարձ ձգտման վրա», — նշել է Ռուբիոն։
Նա հիշեցրել է նաև նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների պատմական գագաթնաժողովը և ԱՄՆ-ի՝ Հայաստանին տրամադրած 145 միլիոն դոլարի օգնությունը՝ «Միջազգային խաղաղության և բարօրության Թրամփի ուղին» (TRIPP) իրականացնելու համար։ Ըստ Ռուբիոյի, այս քայլերը վկայում են ԱՄՆ-ի կայուն հանձնառության մասին Հայաստանի հանդեպ և ընդգծում են երկու երկրների համատեղ ջանքերը՝ տարածաշրջանային կապերն ընդլայնելու, ներդրումները խթանելու և անվտանգության համագործակցությունը ամրապնդելու ուղղությամբ։
«Մենք ուրախ ենք աջակցել Հայաստանի էներգետիկ անվտանգության բարձրացմանը, առևտրի ընդլայնմանը և սահմանների անվտանգության ամրապնդմանը՝ ևս մեկ անգամ վերահաստատելով մեր հանձնառությունը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։ Մեր ռազմավարական գործընկերությունը և նախագահ Թրամփի ու վարչապետ Փաշինյանի ստորագրած երկկողմ հուշագրերը հիմք են ծառայում այս նպատակների առաջմղման համար», – ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը։
Ամփոփելով՝ Ռուբիոն նշել է. «Քանի որ Հայաստանը շարունակում է կերտել իր ապագան՝ որպես խաղաղության և աճի խաչմերուկ, ԱՄՆ-ն վերահաստատում է իր հանձնառությունը ավելի կապված, կայուն և բարեկեցիկ տարածաշրջանի հանդեպ»։