civilnet.am Այն պահին, երբ Հնդկաստանը քայլ առ քայլ կարգավորում է հարաբերությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ, Եվրամիությունը հայտարարում է Հնդկաստանի հետ երկկողմ հարաբերությունները ավելի բարձր մակարդակի բարձրացնելու «նոր ռազմավարական օրակարգի» մասին։ Այն ընդգրկում է մի շարք ոլորտներ՝ սկսած առևտրից և տեխնոլոգիաներից մինչև պաշտպանություն, անվտանգություն, կապակցվածություն և կլիմայի փոփոխություն։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ուրբաթ Ստրասբուրգում խոսելով նախաձեռնության մասին, հայտարարելով է, որ ժամանակն է Հնդկաստանի հետ կրկնապատկել այն գործընկերությունները, որոնք հիմնված են ընդհանուր շահերի և արժեքների վրա. «ԵՄ-Հնդկաստան մեր նոր ռազմավարությամբ մենք մեր հարաբերությունները բարձրացրել ենք հաջորդ մակարդակի»։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը սկսել էին համատեղ հաղորդակցություն, որով ներկայացվում է «ԵՄ-Հնդկաստան նոր ռազմավարական օրակարգը»։
Կալլասը նշել է, որ եվրահանձնակատարների կոլեգիան (ԵՄ 27 երկրների ներկայացուցիչներ) հապաղումներ ուներ այն ոլորտներում, որտեղ կողմերը տարաձայնություններ ունեին։ «Հնդկաստանի մասնակցությունը ռուսական ռազմական զորավարժություններին և նրա կողմից ռուսական նավթի գնումները խոչընդոտել են հարաբերությունների խորացումը»,- ասել է նա՝ հավելելով, որ ԵՄ-ն այս հարցը նախկինում ևս բարձրացրել է Հնդկաստանի հետ։
Ֆոն դեր Լայենն ընդգծել է նաև, որ ԵՄ-ն պարտավորվել է մինչև տարեվերջ վերջնականացնել ազատ առևտրի համաձայնագիրը։ Նրա խոսքով՝ Եվրոպան արդեն իսկ Հնդկաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն է, բաց է բիզնեսի համար և պատրաստ է ներդրումներ անել Հնդկաստանի հետ համատեղ ապագայի համար։ «Հնդկաստանի հետ ազատ առևտրի համաձայնագիրը լինելու է տեսակով ամենամեծ գործարքը աշխարհում»,- ասել է նա։
«Այն օրը, երբ մենք ազդարարեցին մեր նոր ԵՄ-Հնդկաստան ռազմավարության մեկնարկը, պատիվ ունեցա շնորհավորելու [Հնդկաստանի վարչապետ] Նարենդրա Մոդիին ծննդյան օրվա առթիվ»,- գրել է նա X սոցիալական հարթակում։ «Սպասում եմ կրկին այցելել Հնդկաստան մեր հաջորդ գագաթնաժողովի համար։ Միասին մենք բացելու ենք նոր գլուխ մեր գործընկերության մեջ։ Մենք նաև քննարկել ենք մեր ընթացիկ առևտրային բանակցությունների առաջընթացը և թե ինչպես կարող ենք աջակցել Ուկրաինայի ազատության պայքարին»,- հավելել է նա։
Մոդին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար․ «Ուրախ եմ իմանալ, որ այսօր ընդունվել է «ԵՄ-Հնդկաստան նոր ռազմավարական օրակարգը»։ Հնդկաստանը պատրաստ է ԵՄ-Հնդկաստան հարաբերությունները բարձրացնել հաջորդ մակարդակի։ Դա մեր ընդհանուր հանձնառությունն է, ընդհանուր նպատակը և ընդհանուր պատասխանատվությունը։ Մենք հավատարիմ ենք Ուկրաինական հակամարտության շուտափույ և խաղաղ կարգավորմանը»,- գրել է նա X-ում։
Հնդկաստանի վարչապետի աշխատակազմի առանձին հայտարարությունում նշվում է, որ երկու առաջնորդները «ողջունել են ԵՄ-Հնդկաստան ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ ջանքերը՝ փոխադարձ բարեկեցության, ինչպես նաև գլոբալ խնդիրներին համատեղ դիմակայելու, կայունությունը խթանելու և կանոնների վրա հիմնված աշխարհակարգի հաստատման համար»։ «Հնդկաստանը հավատարիմ է Ուկրաինայի հակամարտության շուտափույթ և խաղաղ կարգավորմանը»,- ասված է հաղորդագրությունում։
Մոդին առաջարկել է ԵՄ-Հնդկաստան հաջորդ գագաթնաժողովը անցկացնել Հնդկաստանում՝ հաջորդ տարի։
Եվրահանձնաժողովի սկսած համատեղ հաղորդակցությանն նախորդել էր այս տարվա փետրվարին եվրահանձնակատարենրի կոլեգիայի այցը Հնդկաստան, երբ ներկայացվեց ԵՄ ռազմավարական տեսլականը Նյու Դելիի հետ համագործակցության խորացման համար։ Փաստաթուղթը առանձնացրել է հինգ ոլորտ՝ հիմնված ընդհանուր շահերով և փոխլրացման վրա խորացման հնարավորություն ունեցող ոլորտներում։
«Աշխարհաքաղաքական փոփոխվող իրողություններում ԵՄ-Հնդկաստան ավելի սերտ հարաբերությունները կենսական նշանակություն են ունեցել տնտեսական աճի և անվտանգության ամրապնդման, ինչպես նաև մատակարարման շղթաների բազմազանեցման համար՝ այսօր առկա գլոբալ կարգի անորոշության պայմաններում։ Երկկողմ հարաբերություններից դուրս նոր ռազմավարական օրակարգը ընդգծում է ԵՄ-Հնդկաստան համատեղ ներգրավվածությունը գլոբալ խնդիրներում և երրորդ երկրների հետ, ինչը արտացոլում է Հնդկաստանի աճող գլոբալ ազդեցությունը»,- նշված է փաստաթղթում։
Փաստաթղթում նշվում է, որ առևտրի և ներդրումների մեջ «չիրացված էական ներուժ» կա։ Այն առաջարկում է ամրապնդել առևտրային կապերը, մասնավորապես՝ ավարտին հասցնելով ընթացիկ բանակցությունները ազատ առևտրի համաձայնագրի շուրջ։ Այն առաջարկում է նաև «ուժեղացնել մատակարարման շղթաները, խթանել կարևոր նոր տեխնոլոգիաները և ներգրավվել թվային հարցերում, հատկապես տնտեսական անվտանգության ամրապնդման համար՝ ԵՄ-Հնդկաստան Առևտրի և տեխնոլոգիաների խորհրդի շրջանակում»։ Ռազմավարությունը նաև նախատեսում է խորացնել տեխնոլոգիական համագործակցությունը, այդ թվում՝ հնարավոր ԵՄ-Հնդկաստան ստարտափ գործընկերությունը և Հնդկաստանի մասնակցությունը Horizon Europe ծրագրին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում