Հայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկում են համագործակցության նոր փաստաթուղթ ընդունելու հարցը | armenpress.am

armenpress.am Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը Հայաստանի անվտանգության առանցքային հենասյուներից մեկն է։

Երևանում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարում այս մասին ընդգծեց ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը։

«Մենք չենք կարող անտեսել գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունները, որոնք ձևավորում են նոր իրողություններ նոր մարտահրավերներով և մրցակցային օրակարգով։ Այս համատեքստում հատկապես ցանկանում եմ ընդգծել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության առանցքային դերը»,-նշեց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները ավելի քան երեք տասնամյակի պատմություն ունեն․ համագործակցությունը սկիզբ է առել դեռևս 1994 թվականին «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում, իսկ 2006 թվականից իրականացվում է անհատական գործընկերության գործողությունների ծրագրերով։

«Ներկայում քննարկումներ են ընթանում համագործակցության նոր փաստաթղթի՝ անհատապես հարմարեցված գործընկերության ծրագրի հաստատման ուղղությամբ»,-ասաց նա։

Քոչարյանը նշեց, որ Հայաստանի ներգրավվածությունը ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը ներառում է պաշտպանական և անվտանգության համակարգերի բարեփոխումներ, կառավարման թափանցիկության բարձրացում, քաղաքացիական վերահսկողության ամրապնդում, ինչպես նաև մասնակցություն միջազգային խաղաղապահ առաքելություններին։

«Մեր համագործակցությունը հիմնված է համընդհանուր արժեքների, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության վրա։ Այն ոչ միայն պաշտպանական է, այլև համակարգային բարեփոխումների հարթակ, որը նպաստում է Հայաստանի անկախության ամրապնդմանը և ինստիտուցիոնալ դիմակայունությանը»,-ասաց նա։

ԱԺ պատգամավորը հատուկ ուշադրություն դարձրեց հիբրիդային սպառնալիքներին, ապատեղեկատվությանը և տեղեկատվական միջավայրում մանիպուլյացիաներին՝ նշելով, որ դրանք ուղղված են հասարակական տրամադրությունների թուլացմանը և պետական քաղաքականության տապալմանը։

«Հայաստանը բախվում է ապատեղեկատվական քարոզչության նպատակային կիրառմանը։ Այս սպառնալիքների դեմ պայքարի համատեքստում կարևորում ենք հասարակական իրազեկվածության և թվային գրագիտության բարձրացումը, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության կայացման խթանումը, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ոլորտում միջազգային փորձի փոխանակումը»,-ընդգծեց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ ժողովրդավարական կայունության կարևոր նախապայման է նաև քաղաքացիական վերահսկողությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում։

«Այն բարձրացնում է հանրային վստահությունը և ապահովում ուժային կառույցների՝ օրենքին և ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան գործելակերպը»,- ասաց Քոչարյանը։

Նա հավելեց, որ պաշտպանության ոլորտում թափանցիկության և հաշվետվողականության խնդիրները բնական են՝ ազգային անվտանգության առանձնահատկություններից ելնելով, սակայն դրանք չպետք է վերածվեն հաշվետվողականության բացակայության։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև