1lurer.am Նախորդ գործընկերային համագործակցության փաստաթղթի շրջանակներում Հայաստան-ՆԱՏՕ փոխհարաբերությունները խիստ ընդգծված ընթացակարգեր են ունեցել, և դրանք իրականություն են դարձել և՛ բանակի բարեփոխումների ծրագրի մեջ, և՛ ժողովրդավարական խնդիրների՝ դեպի բանակ տեղափոխման և դրանց լուծումների մեջ: Բազմաթիվ ծրագրեր են արվել այս տարիների ընթացքում, և այդ ծրագրերը շարունակական են: Այդ մասին ասաց ՆԱՏՕ ԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը՝ ՀՀ-ում մեկնարկած Ռոուզ‑Ռոթ սեմինարի (Rose‑Roth Seminar) շրջանակում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն պատրաստակա՞մ է աջակցել ՀՀ ԶՈՒ բարեփոխումներին:
«Այդ ծրագրերը ՀՀ անվտանգային համակարգի համար եղել են շատ օգտակար, որովհետև եթե մենք խոսում ենք բանակի թափանցիկության մասին՝ առանց այդ ծրագրերի իրականացման, մենք դժվար թե կարողանայինք ինքնուրույն [լուծել], միայն մեր պատկերացումները բավարար չէին լինի [լուծման համար], բայց նաև փորձի ընկալումը և այդ փորձի տեղայնացումը մեր իրականություն տվել է մեզ հնարավորություն՝ բանակի շատ բարեփոխումներ դարձնելու իրական:
Ուրիշ բան, որ այդ բարեփոխումները դեռ այն ծավալի չեն, որ մեզ գոհացնեն: Բայց որ բանակի թափանցիկությունն ավելի է [համապատասխանում] անվտանգային միջավայրի, քան երբևիցե եղել է, դա ես կարող եմ հաստատել որպես ոչ միայն ՆԱՏՕ ԽՎ պատվիրակության ղեկավար, այլև 7 տարի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի ղեկավար»,- ասաց նա: