aravot.am «Այս հարթակը կարող է շատ օգտակար լինել մեզ՝ տարածաշրջանային խաղաղության մեր նպատակներին հասնելու համար»,- այսօր Երեւանում անցկացվող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի շրջանակներում լրագրողներին ասաց ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը։
Նա նշեց, որ ՆԱՏՕ-ի փոխնախագահի տեղակալի՝ սեմինարում հնչեցրած խոսքն էլ էր միտված խաղաղության հասնելու համաշխարհային օրակարգին։ «Իսկ Կովկասում խաղաղությունն առաջնահերթ մենք ենք, պետք է կառուցենք այդ խաղաղության մեր պատկերացումները կոնկրետ փաստաթղթերի շրջանակներում, որն արդեն կարող ենք ասել՝ սկսված է Վաշինգտոնում»,- նշեց նա։
Ռոուզ-Ռոթ սեմինարին մասնակցում է նաեւ Ադրբեջանի ներկայացուցիչ Մուրադ Մամեդովը։ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով նրա այցին, ասաց․ «Պարոն Մամեդովն Ադրբեջանի կողմից է մասնակցում, կան Թուրքիայի պատվիրակության անդամներ։ Դուք կունենաք հնարավորություն հարցեր ուղղելու, ասացին, որ պարոն Մամեդովը պատրաստակամություն է հայտնել, որ պատրաստ է հարցազրույց տալ։ Դա ողջունելի է, եթե մենք խոսում ենք խաղաղության մասին, պետք է սկսել խոսքից, իսկ խոսքը փոխանցելու համար սա լավագույն հարթակներից մեկն է»։
Անդրանիկ Քոչարյանը հավելեց, որ խորհրդաժողովի անդամ երկրներն այսօր հնարավորություն ունեն խաղաղության վերաբերյալ լսել հայկական կողմի տեսակետը․ «Եվ մենք դրա համար էլ 10 տարի հետո ցանկացանք, որպեսզի այս հարթակում պատկերացնենք, թե ինչ ենք մենք ուզում, հետպատերազմյան Հայաստանը վերջին հաշվով ի՞նչ խնդիր պետք է լուծի։ Խնդիր համար մեկ՝ հասնել խաղաղության»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում