Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնը լրացնելու համար Ազգային ժողովին է առաջարկվել Լեւոն Բալյանի թեկնածությունը։ Մրցութային խորհուրդը, ամփոփելով սեպտեբերի 17-ին անցկացված մրցույթի արդյունքները, հաղթող է ճանաչել հենց նրան։
Լեւոն Բալյանը մասնագիտությամբ իրավաբան է, 1999-2022 թթ ընթացքում Հարկադիր կատարման ծառայությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, այդ թվում՝ բաժնի պետից մինչեւ Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ (այդ ժամանակահատվածում Գլխավոր հարկադիր կատարող են եղել Դավիթ Բեգինյանը, Սերգեյ Մեղրյանը), իսկ 2022-2024 թթ ժամանակահատվածում զբաղեցրել է Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը (այդ ժամանակահատվածում նախարարը եղել է Գրիգոր Մինասյանը)։ Արդարադատության գնդապետ է, անկուսակցական։
Ազգային ժողովի կայքում առկա տվյալներից պարզ է դառնում, որ մրցույթին դիմել են նաեւ Գրիգոր Ներսիսյանը (ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետն է) եւ Արտակ Ավետիսյանը (պաշտոնատար անձանց հայտարարգրերի ռեեստրում տեղեկություն առկա չէ): Ստացած միավորների վերաբերյալ տեղեկություն, սակայն, առկա չէ։
Նշենք, որ Մրցութային խորհուրդը կազմված է վարչապետի աշխատակազմի, Մարդու իրավունքների պաշտպանի, Բարձրագույն դատական խորհրդի եւ Փաստաբանների պալատի մեկական ներկայացուցիչներից։ Խորհրդի նախագահը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն է։
ԿԿՀ անդամի այս պաշտոնը թափուր է նախորդ տարեվերջից։ Հանձնաժողովը Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի ինստիտուցիոնալ դերակատարներից է։ Այն հետեւում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների, շահերի բախման կարգավորումների պահպանմանը, կանոնակարգում է հայտարարագրման գործընթացը, ստուգում ներկայացված հայտարարագրերը, մասնակցում կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության մշակմանը։