«Շինարարներն են, որ համապատասխան մաֆիային տրամադրում են շինաղբը». քաղաքապետարանը խնդրի լուծման ելքեր է փնտրում |news.am|

news.am: Վարչական շրջանների ղեկավարների հետ կազմակերպվել են շրջայցեր խրոնիկ վայրեր. Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի կողմից արգելափակվել են որոշ մուտքեր, որ այլեւս  այնտեղ որեւէ մեքենա չներթափանցի: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ զեկուցելով շինաղբն անթուլատրելի վայրերում տեղադրելու դեպքերը բացառելու վերաբերյալ տրված հանձնարարականը:

«Նույն աշխատանքը կատարել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը, երկկողմանի փակվել է ստորին Հրազդանի ջրանցքի ամբողջ երկայնքը՝ Դալմայի այգիների կողմից և Իսակովի պողոտայից եւ Կուրղինյան խաչմերուկից բոլոր հատվածները վերցրվել է հսկողության տակ»,-ասաց նա:

Արեյանը հայտնեց, որ նման միջոցներ է կիրառվել նաև Շենգավիթ վարչական շրջանում և քաղաքապետարանի վերահսկողություն իրականացնող և համապատասխան այլ ստորաբաժանումների և պարեկների հետ պայմանավորվել են, որ շարունակվելու են ամենօրյա ռեյդերը:

Արեյանը վարչական շրջանների ղեկավարներին հորդորեց վերահսկողություն իրականացնեն և կապ պահպանեն պարեկների հետ և տեղեկացրեց, որ առաջիկա օրերին կներկայացնի առաջարկներ համապատասխան վայրերում տրանսպորտային նշաններ տեղադրելու վերաբերյալ:

Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե այդ կերպ պայքարում են հետևանքների դեմ, բայց պետք է անդրադառնան նաև սկզբնաղբյուրին. «Սկզբնաղբյուրը շինհրապարակներն են եւ շինարարներն են, որ համապատասխան մաֆիային տրամադրում են շինաղբը, ենթադրաբար՝ դրանցից ավելի էժան ձերբազատվելու նպատակով»,-հայտարարեց նա:

Նա դիմեց Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի նորանշանակ պաշտոնակատար Յակով Ասատրյանին՝ ասելով, որ պայմանավորվել են այսուհետ շինարարությունների ավարտական ակտերը կապեն նրա հետ, թե տվալ շինարարան արդյոք ստացել է համապատասխան փաստաթղթերը շինարարական աղբավայրից:

«Ավարտական ակտ մարդը չպետք է ստանա, եթե ինքն իր շինաղբը համապատասխան ձևով չի տեղափոխել շինաղբավայրեր, որոնք շատ կոնկրետ տեղեր են և հետագայում նրանք պետք է ստացական ունենան, որ  այդ աղբավայրում իրենք շինաղբ են տեղափոխել»,-ասաց փոխքաղաքապետը:

Յակով Ասատրյանը հայտնեց, որ արվել են համապատասխան փոփոխություններ, ըստ որոնց՝ ավարտական ակտերը կտրամադրվեն միան շինաղբի դիմաց վճարման անդորագրերի ներկայացման դեպքում:

«Եթե շինարարները համապատասխան փաստաթղթեր չունենան, որ շինաղբը շինաղբավայր են տեղափոխում, իրենք մեզ հետ խնդիր են ունենալու»,-հայտարարեց փոխքաղաքապետը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև