Շանհայի համագործակցության կազմակերպությունը չի ձգձգում Երևանի և Բաքվի անդամակցության հարցը. ՇՀԿ նախկին գլխավոր քարտուղար | armenpress.am

armenpress.am Շանհայի համագործակցության կազմակերպությունը չի ձգձգում Հայաստանի և Ադրբեջանի՝ կազմակերպությանն անդամակցության հարցը, այդ որոշումը կոնսենսուս է պահանջում։

Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում նշել է կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը։

«Նոր անդամ-պետությունների ընդունման գործիքակազմը հստակ արձանագրված է և մեկ անգամ չէ, որ անցել է ամրության քննությունը։ Ընդունման որոշումը կայացվում է կոնսենսուսով։ ՇՀԿ պատմության ընթացքում որևէ դիմում չի մերժվել։ Դրանցից յուրաքանչյուրն անհատապես մանրամասն քննարկվում է։ Կողքից կարող է տպավորություն ստեղծվել, որ գործընթացը ձգձգվում է, բայց դա այդպես չէ»,- նշել է Ալիմովը։

Նախկին գլխավոր քարտուղարը հավելել է, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունում հապճեպ որոշումներ չեն կայացվում։

Հայաստանն ու Ադրբեջանը Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու հայտ են ներկայացրել։ Սեպտեմբերի 1-ին լուրեր շրջանառվեցին, որ Պակիստանն արգելափակել է Հայաստանի անդամակցությունը, իսկ Հնդկաստանը՝  Ադրբեջանի անդամակցությունը։

Մեկնաբանելով Պակիստանի կողմից Հայաստանի անդամակցությունն արգելափակելու լուրը՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն ասել էր.  «Այս պահին գործընթացի մանրամասներին չենք անդրադառնա, բայց կարող եմ ասել, որ Հայաստանի անդամակցության հարցում տեսնում ենք բավարար կառուցողական մոտեցում, փոխըմբռնում: Այս ընկալմամբ կշարունակենք աշխատանքները ՇՀԿ շահագրգիռ անդամ երկրների հետ՝ կառույցի հետ փոխշահավետ գործընկերության հետագա զարգացման ուղղությամբ»։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև