civilnet.am Հայաստանի ՊՆ-ն մշտական խորհրդատվական օժանդակություն է ստանում Ֆրանսիայից և ԱՄՆ-ից։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի ժամանակ։
«Պաշտպանության նախարարությունը մշտական հիմունքներով մասնագիտացված խորհրդատվական օժանդակություն է ստանում Ֆրանսիայից և ԱՄՆ-ից։ Մի շարք ուղղություններով մեզ համակարգված օժանդակություն է ցուցաբերում Հունաստանը», – նշել է Պապիկյանը։
Նախարարի խոսքով՝ այս փուլում առաջնահերթ ջանքերը կենտրոնացած են նոր մոդելով և չափորոշիչներով ռազմավարական փաստաթղթերի մշակման, զինված ուժերի կառուցվածքի և կառավարման համակարգի արդիականացման, կրթական և ուսումնավարժական կարողությունների զարգացման վրա։
Պապիկյանն ընդգծել է, որ ՀՀ զինված ուժերի արդիականացման նպատակով պաշտպանության նախարարությունն ակտիվորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների հետ։ Ըստ նրա՝ հաջողվել է որոշ գործընկերների հետ համագործակցությունը կառուցել ինստիտուցիոնալ և երկարաժամկետ պլանավորման հիմքի վրա, ինչը կապահովի զինված ուժերի կերպափոխման արդյունավետ ընթացքը։
«Մենք ձևավորում ենք պրոֆեսիոնալ զինված ուժեր՝ ժամանակակից չափորոշիչներով, ինչը ներառում է ինչպես սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացում, այնպես էլ՝ անձնակազմի կրթություն, վերապատրաստում, կառավարման համակարգերի բարելավում և ռազմավարական փաստաթղթերի մշակման նոր մոտեցումներ», – ասել է նախարարը։
Նա նաև տեղեկացրել է, որ զինված ուժերի արդիականացման նպատակով ՀՀ կառավարությունը դիվերսիֆիկացնում է սպառազինության ձեռքբերման շուկաները, ինչը հնարավորություն է տալիս համալրվել նորագույն ռազմական տեխնիկայով։
Սուրեն Պապիկյանը շեշտել է, որ բարեփոխումների նպատակը ոչ միայն ժամանակակից զինված ուժերի ձևավորումն է, այլև գործընկեր երկրների բանակների հետ փոխգործակցելիության բարձր մակարդակի ապահովումը։ Այս համատեքստում նա կարևորել է նաև բազմակողմ ձևաչափով համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։
Նախարարի խոսքով՝ վերջին տարիներին ՆԱՏՕ-ի հրամանատարությունների և ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչների միջև իրականացվում են բաց և թափանցիկ քննարկումներ, որոնք հնարավորություն են տալիս ներկայացնել Հայաստանի առաջնահերթությունները և ստանալ թիրախային աջակցություն։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում