Դավիթ Մանուկյանն ու Դավիթ Բաբայանը Բաքվի դատարանում միջնորդել են հարցաքննել Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին, Անջեյ Կասպշիկին | aravot.am

aravot.am Սեպտեմբերի 22-ին Բաքվի ռազմական դատարանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործով  Դավիթ Մանուկյանն ու Դավիթ Բաբայանը միջնորդել են որպես վկա հարցաքննել Նիկոլ Փաշինյանին ու Արարատ Միրզոյանին, ինչպես նաեւ ԵԱՀԿ  նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին։

Ընդ որում, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ Դավիթ Մանուկյանն առաջարկել է Նիկոլ Փաշինյանին հարցաքննությունը կազմակերպել տեսակոնֆերանսի միջոցով։

Իսկ Արարատ Միրզոյանին ու Անջեյ Կասպշիկին հարցաքննելու միջնորդությունը ներկայացրել է Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

«Այս մարդիկ մեզ ճանաչում են, և մենք անմիջական շփում ենք ունեցել։ Նրանք շատ լավ վկաներ կլինեն», – հավելել է նա։

Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը խնդրել է որպես վկա կանչել Ադրբեջանում ժամանակին տեղակայված վեց ռուս խաղաղապահ գեներալների՝ գեներալ Մուրադովին, գեներալ Կոսաբոկովին, գեներալ Անաշկինին, գեներալ Վոլկովին, գեներալ Լենցովին և գեներալ Կուլակովին։

Ադրբեջանցի դատախազները գտել են, որ տվյալ անձանց հարցաքննելու կարիք չկա, թեեւ 2020 թվականի պատերազմի ժամանակ Հայաստանի վարչապետ է եղել Նիկոլ Փաշինյանը, դատարանն էլ մերժել է միջնորդությունը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև