Զելենսկին Քելոգի հետ քննարկել է ամերիկյան զենքի գնումների հարցը | armenpress.am

armenpress.am Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելոգի հետ և քննարկել ամերիկյան զենքի գնումների հարցը:

Աս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահը։

Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում: «Ես հանդիպում անցկացրեցի Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ գեներալ Քիթ Քելոգի հետ։ Նրան տեղեկացրեցի ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին: Նաև անդրադարձանք Ուկրաինայի և ԱՄՆ-ի համագործակցության զարգացմանը, մասնավորապես անօդաչու թռչող սարքերի և ամերիկյան զենքի գնման վերաբերյալ փոխշահավետ համաձայնագրերին, որոնք Ուկրաինան առաջարկել է ԱՄՆ-ին», – գրել է Զելենսկին:

Հանդիպումից հետո Զելենսկու կայքում զետեղված հայտարարության մեջ նշվում է, որ Կիևը շահագրգռված է մոտ ժամանակներս  Վաշինգտոնի հետ կնքելու այդ համաձայնագրերը:

Քննարկվել են նաև Ուկրաինայի անվտանգության երաշխիքները: Նախորդ անգամ Զելենսկին և Քելոգը հանդիպել էին Կիևում սեպտեմբերի 11-ին: Սպիտակ տանն ավելի վաղ հայտարարել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 23-ին կհանդիպի Զելենսկու հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև