Բելգիան, Մալթան, Մոնակոն, Անդորրան և Լյուքսեմբուրգը նույնպես ճանաչել են Պաղեստին պետությունը․ ՄԱԿ-ի հատուկ նիստ է տեղի ունեցել | factor.am

factor.am  Վեց երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի ղեկավարները բարձր մակարդակի գագաթնաժողովում, որը տեղի է ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի տարեկան նիստից առաջ, հայտարարել են Պաղեստինի պետականության ճանաչման մասին, գրում է Al Jazeera-ն։

Ֆրանսիայից բացի, որը երկուշաբթի Նյու Յորքում Սաուդյան Արաբիայի հետ համատեղ նախաձեռնել էր հանդիպումը, Անդորրան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Մալթան և Մոնակոն նույնպես հայտարարել են, որ ճանաչում են Պաղեստին պետությունը։ Հանդիպմանը ելույթ են ունեցել նաև Ավստրալիայի, Կանադայի, Պորտուգալիայի և Մեծ Բրիտանիայի  առաջնորդները, որոնք մեկ օր առաջ պաշտոնապես ճանաչել էին Պաղեստինը։

«Մենք հավաքվել ենք այստեղ, քանի որ ժամանակը եկել է։ Մեզ վրա է ընկնում պատասխանատվությունը՝ անել ամեն ինչ, որ մեր ուժերի սահմաններում է՝ երկու պետությունների լուծման հնարավորությունը պահպանելու համար։ Այսօր ես հայտարարում եմ, որ Ֆրանսիան ճանաչում է Պաղեստին պետությունը»,- հայտարարել է Մակրոնը Իսրայել-Պաղեստին հակամարտությունը վերջ դնելու երկու պետությունների լուծումը վերակենդանացնելու համար հրավիրված գագաթնաժողովում։

Պաղեստինը ճանաչող այս երկրները միանում են ՄԱԿ-ի 193 անդամ պետություններից շուրջ 147-ին, որոնք այս տարվա ապրիլի դրությամբ՝ արդեն պաշտոնապես ճանաչել են Պաղեստինի պետականությունը։

Իսպանիան, Նորվեգիան և Իռլանդիան անցյալ տարի էին ճանաչել Պաղեստինի պետականությունը, իսկ Մադրիդը նաև  պատժամիջոցներ է կիրառել Իսրայելի նկատմամբ Գազայի դեմ պատերազմի համար։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը երկուշաբթի հայտարարել է, որ երկու պետությունների լուծումը հնարավոր չէ, «երբ այդ երկու պետություններից մեկի բնակչությունը ցեղասպանության զոհ է»։

«Պաղեստինի ժողովուրդը ոչնչացվում է, հետևաբար, բանականության, միջազգային իրավունքի և մարդկային արժանապատվության անվան տակ մենք պետք է դադարեցնենք այս կոտորածը»,- նշել է նա։

Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասը երախտագիտություն է հայտնել Պաղեստինը ճանաչած երկրներին։ Նա իր հայտարարությունն արել է տեսակապի  միջոցով՝ այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմը նրան մերժել էր այս շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին մասնակցելու համար մուտքի վիզա տրամադրել։

«Մենք կոչ ենք անում նրանց, ովքեր դեռ չեն արել դա, հետևել այս օրինակին»,- ասել է նա՝ հավելելով, որ Պաղեստինի ինքնավարությունը նաև պահանջում է «աջակցություն Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին»։

Իսրայելը և ԱՄՆ-ը, որոնք այս հարցում միջազգային մակարդակով ավելի ու ավելի են մեկուսանում, բոյկոտել են  գագաթնաժողովը, իսկ ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնը միջոցառումը որակել է որպես «կրկես»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև