Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ նշելով, թե «ո՞վ և ինչ իրավական ակտով էր [Տեր-Պետրոսյանին] թույլ տվել Ալմա Աթայի հռչակագրի ընդունումից և վավերացումից հետո ՀՀ 18 տարեկան զինվորներին տեղակայել ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս»։
Նշենք, որ սա այսօրվա մեջ Փաշինյանի երրորդ գրառումն է: Նախորդ գրառումներում նա նախկին երեք նախագահներին մեղադրում է Հայաստանը, Արցախը պատերազմի մեջ «ներքաշելու», հետո «փախչելու մեջ»: Փաշինյանը նշում է, որ «երրորդ հանրապետության պատմության մասին խորհելիս սարսափով արձանագրել է, որ «հաղթող նախագահ» հորջորջվողներից ոչ ոք ոչ մի անգամ ժողովրդի վստահության քվեն չի ստացել»:
Փաշինյանը բոլոր գրառումների վերջում հիշեցրել է իր հետ բանավիճելու հրավերի մասին, որը, ինչպես հայտնել ենք, նախկին երեք ղեկավարները մերժել են: Երեկ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ևս մեկ անգամ հայտարարել է, որ բանավեճը կկայանա, եթե Փաշինյանը հրապարակի Մինսկի խմբի՝ 2019թ. ապրիլի և հունիսի խաղաղության պլանները: