Դեպքի վայրում հայտնաբերվել է 18 կրակված պարկուճ, դեպքը տեսագրվել է. քննիչը՝ Մերձավանում տեղի ունեցածի մասին | 1lurer.am

1lurer.am  Դիմակավորված անձը իր մոտ գտնվող ինքնաձիգից կրակահերթ է արձակել Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի, վերջինիս ընկերոջ՝ ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանի և նրանց հետ գտնվող Արծրուն Գալստյանի ուղղությամբ, ինչի հետևանքով Վալոդյա Գրիգորյանը և Կարեն Աբրահամյանը մահացել են, իսկ Արծրուն Գալստյանը տեղափոխվել է ԲԿ և ստանում է բուժօգնություն: Այդ մասին ասաց Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արտակ Հովհաննիսյանը:

«Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածով (Սպանություն) նախատեսված հանցագործության հատկանիշներով՝ Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի մահվան փաստի առթիվ, իսկ Արծրուն Գալստյանի նկատմամբ սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է 44-155-րդ հոդվածի (Սպանության փորձ) հատկանիշներով քրեական վարույթ: Կատարվում է նախաքննություն:

Անմիջապես ձեռնարկվել են անհրաժեշտ և առաջնահերթ ապացուցողական և վարութային բոլոր գործողությունները, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման նյութի հետքեր, դրանցից կատարվել են նմուշառումներ: Հայտնաբերվել են կրակված պարկուճներ, 18 հատ, որոնք ևս վերցվել և առգրավվել են:

Դեպքի վայրի զննությամբ տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունները ևս առգրավվել են: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատագենետիկական, դատակենսաբանական: Հարցաքննվել են մի շարք վկաներ, և շարունակաբար կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ, նաև ոստիկանության հետ համատեղ օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ՝ հանցագործությունը հնարավորինս թարմ հետքերով և շուտափույթ բացահայտելու և մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,- ասաց նա:

Արտակ Հովհաննիսյանը նաև ընդգծեց՝ տեսանկարահանող սարքերը տեսագրել են դեպքը. «Հենց դրա հիման վրա էլ նշեցի, որ դիմակավորված անձն է ինքնաձիգով կրակահերթ արձակել: Այդ ամենը հենց տեսանկարահանող սարքերի ուսումնասիրության, զննության արդյունքում են վեր հանվել և ի հայտ եկել»:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

Սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։  Վերջինս սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Վոլոդյա Գրիգորյանի ընկերն է։ Վիրավորված անձը Արծրուն Գալստյանն է։ Նա ոստիկանության ծառայող չէ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն