Ոտքով վազելով է մոտենում և կրակահերթ արձակում. քննիչը՝ Փարաքարի դեպքի մասին | 1lurer.am

1lurer.am  Ուսումնասիրվել են հարակից տարածքներում դեպքի վայր հնարավոր մոտենալու և դեպքի վայրից հեռանալու ճանապարհահատվածները, որտեղ եղել են տեսանկարահանող սարքեր: Դրանք ևս վերցվել և ուսումնասիրվել են: Այդ մասին «Լուրերի» ուղիղ եթերում ասաց Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արտակ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Փարաքար համայնքում տեղի ունեցած ողբերգական միջադեպին, որի ժամանակ սպանվել են համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը, ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, ևս մեկ անձ՝ Արծրուն Գալստյանը, վիրավոր է:

«Դիմակավորված անձի՝ ավտոմեքենայով մոտենալու փաստ չունենք արձանագրված: Հենց նույն տեսանկարահանող սարքերով երևում է, որ ոտքով վազելով է մոտենում և կրակահերթ արձակում անձանց ուղղությամբ:

Այլ մանրամասներ այս պահին չեմ կարող մատնանշել՝ հենց նախաքննության անհրաժեշտությունից, նախաքննության գաղտնիությունից ելնելով»,- ասաց նա:

Արտակ Հովհաննիսյանը միաժամանակ տեղեկացրեց, որ հաշվի առնելով գործի հնչեղությունը և բարդությունը՝ ՔԿ նախագահի հանձնարարությամբ քրեական վարույթն Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնից փոխանցվել է ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն՝ հետագա նախաքննության շարունակությունն ապահովելու համար:

Հանցագործությունը ենթադրյալ կատարած դիմակավոր անձի ինքնությունը դեռ հայտնի չէ:

«Այս պահին ինչպես ենթադրյալ հանցանք կատարած անձի, այնպես էլ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ շարունակվում են իրականացնել, դեռ կիրականացվեն մեծածավալ ապացուցողական և վարութային գործողություններ, նաև փոխգործակցելով ոստիկանության հետ՝ օպերատիվ-հետախուզական և լայնածավալ գործողություններ»,- ասաց նա:

Արտակ Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ, ըստ տեսանկարահանող սարքերի տեսագրությունների, Փարաքար համայնքի ղեկավարը, ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը և նրանց հետ գտնվող Արծրուն Գալստյանը բնակելի հատվածից դուրս են եկել ու անմիջապես դարպասի դիմաց են կանգնել, մի քանի վայրկյան զրուցել են, որից հետո տեղի է ունենում դեպքը:

«Կնշեի, որ բնակելի տունը կառուցման, վերանորոգման փուլում է և բնակելի չէ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է վիրավորին, ապա նրա վիճակը կայուն ծանր է, դեռ չի հարցաքննվել, քանի որ հարցաքննության ի վիճակի չէ: Վկաները արդեն հարցաքննվել են:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

Սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։  Վերջինս սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Վոլոդյա Գրիգորյանի ընկերն է։ Վիրավորված անձը Արծրուն Գալստյանն է։ Նա ոստիկանության ծառայող չէ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն