Քիմիկներին ուղեկցող անձինք համարվե՞լ են զինծառայող թե՞ ոչ․ փոխգնդապետի հարցաքննությունը դատարանում

2020 թ․ հոկտեմբերի 21-ին ՀՀ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի (հայտնի է որպես Քիմիկների զորամաս) անձնակազմին մարտական առաջադրանքի տեղանք ուղեկցելու նպատակով նշանակված քաղաքացիական անձինք համարվե՞լ են զինծառայողներ թե՞ ոչ։ Այս հարցը պարբերաբար քննարկման առարկա է դառնում «Քիմիկների զորամաս»-ի անվանումը ստացած քրեական գործի քննության ընթացքում։

62-հոգանոց անձնակազմը, հիշեցնենք, պետք է մեկներ Կովսական (Զանգելան) քաղաքի ուղղությամբ գտնվող «Կիրի հանք» եւ «Սանրում» գործողության միջոցով հայտնաբերեր եւ ոչնչացներ հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերին։ Քանի որ քիմիկները եւ նրանց հրամանատար փոխգնդապետ Արսեն Աբգարյանը տեղանքին անծանոթ են եղել, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի՝ այդ ժամանակվա տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը Կապանի ինքնապաշտպանական խորհրդի նախագահի 1-ին տեղակալ-շտաբի պետի պաշտոնը փաստացի զբաղեցրած, պահեստազորի գնդապետ Վարդան Ալեքսանյանին հանձնարարել է կազմակերպել զորքի ուղեկցումը։ Վերջինս էլ ուղեկցման գործառույթը պատվիրակել է այլ անձանց․ ճանապարհի մի մասը ուղեկցել է Ալեքսանյանի վարորդը՝ Համբարձում Փարամազյանը, մյուս մասը՝  կամավոր Արման Նուրիջանյանը։

Դատարանում վկաների հարցաքննություններից պարզ է դարձել, որ Կիրի հանքի տարածքում տեղակայված ոստիկանական հենակետում, ինչպես ծրագրված էր, զորքին չեն դիմավորել, իսկ ուղեկցողներն էլ միմյանց պատշաճ չեն փոխանցել այդտեղ կայանելու հրահանգը։

Այժմն ուղեկցողներն ունեն վկայի կարգավիճակ, կատարվածի համար քրեական հետապնդման են ենթարկվում ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը՝ ուղեկցման հարցը ճիշտ չկազմակերպելու, եւ քիմիկների հրամանատար Արսեն Աբգարյանը՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու համար։ Նրանք մեղադրանքները չեն ընդունում։

Ըստ փոխգնդապետի՝ եթե զորքը տեղանքին անծանոթ է, պետք է վստահի ուղեկցողին

Ձախից՝ Արսեն Աբգարյանը, Դավիթ Դավիդյանը, Անդրանիկ Մակարյանը

– Կապանի շտաբի պետի պաշտոնը համարվո՞ւմ է զինվորական պաշտոն,- մեղադրյալ Արսեն Աբգարյանի պաշտպան Դավիթ Դավիդյանը այս հարցն ուղղեց դատարան ներկայացած վկա Սուրեն Սուվարյանին։ 

Վերջինս 44-օրյա պատերազմի ժամանակ զբաղեցրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պաշտպանության գլխավոր վարչության՝ զորատեսակների եւ հատուկ զորքերի համատեղ պատրաստության եւ համագործակցության բաժնի ավագ սպայի պաշտոնը։

Նշենք՝ այս հարցը առանցքային նշանակություն ունի, քանի որ դրա պատասխանից է կապված՝ ուղեկցողներին տեսականորեն կարո՞ղ էին քրեական հետապնդման ենթարկել կատարվածի համար, եթե համապատասխան հոդվածները վերաբերում են զինվորական ենթադրյալ հանցագործությունների։

- Այո,- պատասխանեց վկա Սուրեն Սուվարյանը։

- Վարդան Ալեքսանյանը տվյալ խնդրի կատարումը վերահասցեագրել է այլ անձանց, դրա իրավունքն ունե՞ր։

- Ոչ, եթե տվյալ մարդը ի վիճակի է կատարելու մարտական առաջադրանքը, այսինքն՝ չունի առողջական կամ տարածքի հետ կապված խնդիր, իսկ եթե ունի այնպիսի խնդիր, որը իրեն կարող է ազատել պարտականությունների կատարումից, կարող է,- պատասխանեց վկան։

Նշենք, որ Ալեքսանյանը նման խնդիր չի ունեցել, նա ուղեկցել է տվյալ մարտական առաջադրանքի մյուս՝ Ներքին Հանդի ուղղությամբ մեկնած խմբին, որը ղեկավարել է ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը։

- Երբ կոնկրետ հրամանատարը տեղանքին ծանոթ չէ, ինչպե՞ս է տեղի ունենում զորաշարժը,- հարցրեց պաշտպանը։

- Եթե իրավիճակը թույլ է տալիս, պարտավոր են իրականացնել տեղազննում, դա հիմնականում՝ խաղաղ պայմաններում, իսկ եթե թույլ չի տալիս, կարող է լինել քարտեզով կամ տեղանքին ծանոթ անձի կողմից։

- Տեղանքին ծանոթ անձը պետք է լինի զինվորակա՞ն թե՞ կարող է այլ անձ էլ լինել։

- Կարող է։

- Այն անձինք, որոնք զինվորական չեն, ո՞ւմ իրավազորության ներքո են գտնվում խնդրի կատարման ժամանակ,- հարցրեց պաշտպան Դավիդյանը։

- Նրա, ում կողմից խնդիրը առաջադրվել է։

- Այն դեպքում, երբ Աբգարյանը տեղանքին ծանոթ չէր, կարո՞ղ էր վերահսկել կամ ինչ-որ կերպ գտնել եւ հասկանալ ուղեցկման թերությունը։

- Ոչ, եթե զորքը ծանոթ չէ տեղանքին, ինքը ի՞նչ իմանա՝ հասավ թե չէ, պիտի վստահի ուղեկցողին, որը ավելի ծանոթ է։

- Այսինքն՝ պարտավոր էր վստահել օժանդակ ուժին։

- Եթե տեղանքին տեղյակ չէ, այո։

- Դե, եթե ծանոթ լիներ, ուղեկցող կնշանակվե՞ր։

- Ոչ,- պատասխանեց վկան։

Ըստ մեղադրողի՝ ուղեկցողները օրենքով սահմանված կարգով ներգրավված չեն եղել զինծառայության մեջ

Հանրային մեղադրողը

Պաշտպանի եւ վկայի հարցուպատասխանից հետո հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը եւս անդրադարձավ քննարկվող թեմային՝ նախ հիշեցնելով՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ զինվորական ծառայության ներգրավումն իրականացվում է 4 եղանակով՝ զորակոչ, պայմանագրով, զորահավաք, վարժական հավաք։ Ըստ մեղադրողի՝ ուղեկցողների դեպքում այս 4 ձեւերից ոչ մեկը պահպանված չի եղել, ուստի նրանց կարգավիճակի հարցը վիճելի է։

Դիմելով վկա Սուվարյանին՝ մեղադրողը հետաքրքրվեց՝ Կապանի ինքնապաշտպանական ուժերն այդ ինչ զորամիավորում է, որ վկան դրանում ներգրավված անձանց համարեց զինվորական։ Վկան ճշգրտեց իր պատասխանը՝ ինքը Կապանի զորամասի շտաբ էր հասկացել, տվյալ դեպքում դա մոբ-ով հավաքված երկրապահ ջոկատների միավորում է, որին զորամիավորում համարել չեն կարող։

Մեղադրողը հավելեց՝ իզուր չէ, որ մարտական կարգադրության մեջ նշված է ինքնապաշտպանական ջոկատ, ոչ թե  կոնկրետ անվանում, որովհետեւ եթե որեւէ միավորում հանդիսանում է զինված ուժերի մաս, ունենում է անվանում եւ համար։

- Զորամասի կամ ստորաբաժանման կողմից մարտական խնդրի կատարման համար թիվ մեկ պատասխանատուն ո՞վ է,- դիմելով վկային՝ հարցրեց Նավասարդյանը։

- Ստորաբաժանման հրամանատարը,- պատասխանեց վկան։

- Ուղեկցողը տեղանքին ծանոթ է, եւ ըստ մարտական խնդրի՝ պետք է անձնակազմի ուղեկցումը իրականացրի «ա» կետ, բայց դիցուք՝ գիտի «բ» կետ, այսինքն՝ ուղեկցողին սխալ է հասցվել առաջադրանքը։ Ուղեկցողի սխալ խնդրավորման համար ո՞վ է պատասխանատու։

- Նա, ով սխալ խնդրավորել է։

- Իսկ զորամասի հրամանատարը պատասխանատվություն ունի՞՝ ճշտելու՝ բոլորը իրենց խնդիրը գիտեն թե ոչ։

- Պարտավոր է ճշտել։

Այս դրվագի վերաբերյալ վկային հարցեր հղեց նաեւ նախագահող դատավոր Սարգիս Դադոյանը․

- Գործով տվյալներ ունենք, ըստ որոնց՝ Աբգարյանը ճանապարհի ընթացքում ուղեկցողների հետ կապի մեջ չի եղել, կոորդինատներ չեն փոխանցվել, այդ մասով նա թերացում ունեցե՞լ է։

- Իրենք [նկատի ունի ուղեկցողները եւ Աբգարյանը,-հեղ․] պարտավոր էին փոխանակվել, իրար կոորդինատ ունենալ։

- Այդ կապի միջոցը, ենթադրենք, չի եղել կամ բջջային է եղել, ցանկացած եղանակով Աբգարյանը պե՞տք է կապի մեջ լիներ։

- Այո,- պատասպանեց վկան։

Վկայի խոսքով՝ մեկ զինվորի արտոնյալ կարգավիճակը կարող է ազդել զորքի բարոյահոգեբանական վիճակի վրա

Վկա Սուրեն Սուվարյանին հարցեր հղեցին գործի մեկ այլ դրվագի վերաբերյալ, որն առնչվում է 44-օրյա պատերազմի ժամանակ Քիմիկների զորամասում վարչության պետ Վարդան Նշանյանի որդու՝ Գեւորգ Նշանյանի՝ մարտական ծառայությունից խուսափելուն, որը դրսեւորվել է վերջինիս զորամասի մշտական տեղակայման վայրից դուրս թողնելով եւ այդ փաստը որեւէ կերպ չհրամանագրելով։

Դատավոր Սարգիս Դադոյանը

Այս դրվագով քրեական հետապնդման են ենթարկվում նաեւ զորամասի համալրման բաժանմունքի պետ Էլլադա Հարությունյանը եւ զորամասի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Կուլակչյանը։ Ըստ քրեական գործի՝ Աբգարյանը Կուլակչյանի օժանդակությամբ Հարությունյանին ցուցում է տվել Գեւորգ Նշանյանին հրամանագրել իբրեւ թե զորամասի հիմնական կազմի մյուս զինծառայողների հետ մարտական գործողություններից հերթափոխով զորամաս վերադարձած զինծառայող։

Դատաքննության ընթացքում պարզ է դարձել, որ Գեւորգ Նշանյանը մեկնել է հարազատի հուղարկավորությանը, սակայն դրանից անմիջապես հետո չի վերադարձել եւ քիմիկների հետ չի մասնակցել այդ առաջադրանքին։

- Աբգարյանը, հանդիսանալով զորամասի հրամանատար, իր ենթակա զինվորներից մեկին թույլ է տալիս դուրս գալ զորամասից, մեկ զինվորի բացակայությամբ կարո՞ղ է խաթարվել զորամասի բնականոն ծառայությունը, եւ դա հանգեցնի ծանր հետեւանքների,- հարցրեց դատավոր Դադոյանը։

- Նայած ինչ բնագավառի զինվոր է, եթե չի զբաղեցնում այնպիսի պաշտոն, որի ենթակայության տակ կան մարդիկ, որոնք պիտի խնդիր կատարեն․․․

- Այս իրավիճակում անձնակազմը ամեն պահի սպասել է մարտական խնդրի կատարման, եւ մեկ զինծառայող անձնակազմում չի եղել։

- Այսպես պատասխանեմ հարցին․ թե կան մարդիկ, որ իրենց թույլ են զգում, որ կարող են հոգեբանորեն ազդել զորքի վրա, ավելի լավ է նրան մեկուսացնես, քո խնդիրը կատարես մի հոգի պակաս զինվորով։

- Իրավիճակը այդպիսին չի եղել։

- Չեմ կարող պատասխանել,- պատասխանեց վկան։

Դատավարության մասնակիցները հետաքրքրվեցին՝ եթե, դիցուք, 10 զինվոր պետք է գնա մարտական խնդրի կատարման, որոնցից 1-ը, որ բարձրաստիճան սպայի որդի է, դուրս է գալիս,  չի գնում, եւ մնացած 9-ը դրա մասին տեղյակ են, հնարավո՞ր է, որ դա հոգեբանորեն ազդի զորքի վրա։ Ի պատասխան՝ վկան ասաց՝ ընդհանրապես չի բացառում։ Նա նաեւ հավելեց՝ անձամբ իր համար այդ երեւույթը բացասական, ընդհուպ մինչեւ անբարոյական քայլ է, լինի հասարակ բանվորի, գեներալի, պատգամավորի թե վարչապետի որդին։

Սուվարյանի տպավորությամբ՝ քիմիկների հետ կատարվածից հետո զորամասում «ամեն ինչ նորմալ էր»

Անդրադառնալով քննարկվող դեպքին իր առնչությանը՝ վկա Սուվարյանն ասաց, որ իր համար էլ է անհասկանալի, թե ինչու են իրեն այս գործով դատակոչել, եթե ինքը ոչ տվյալ առաջադրանքի մասնակից է եղել, ոչ տեղյակ է դրա մանրամասներին։ Անգամ չհիշեց, որ նախաքննության փուլում քննիչի մոտ հարցաքննված լինի, ասաց՝ տարբեր գործերով որպես փորձագետ կանչվել քննչական մարմին։ Նախագահող դատավորը հիշեցրեց՝ կոնկրետ այս գործով վկան հարցաքննվել է 2022 թ․ փետրվար ամսին։

Սուվարյանը հայտնեց, որ ծառայության բերումով մեղադրյալներ Մակարյանին, Աբգարյանին եւ Կուլակչյանին ճանաչում է, անձամբ առնչվել է միայն Մակարյանի հետ, ծառայել նրա ենթակայությամբ․ «Հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ԳՇ պետի հրամանով գործուղվել եմ Մարտակերտի շրջան գյուղ Ալաշան՝ սանիտարական եւ մարտական կորուստների գումարտակում օգնություն ցուցաբերելու նպատակով, մնացել եմ մինչեւ հոկտեմբերի 15-16։ Հոկտեմբերի 19-ին գործուղվել եմ Նորավանի զորամաս՝ մոբ-ով եկած անձնակազմին ուսուցանելու, մնացել եմ մինչ հոկտեմբերի 22-ը, ուսուցանել ենք մոտ 200 հոգու։ Հոկտեմբերի 22-ին գործուղվել եմ Կապան, ներկայացել եմ Մակարյանին, ժ 17։00-18։00 խորհրդակցություն է եղել, խնդիրների ճշտումներ են կատարվել, ստացել եմ խնդիր զբաղվել Արարատի գնդից հակատանկային եւ հրետանային գնդի ստորաբաժանումների կրակային կետերի ընտրության եւ հրաձգության կառավարմամբ»,- պատմեց վկան՝ հավելելով, որ հենց այդ օրն է խոսակցություններից իմացել, որ ինչ-որ անձնակազմ գնացել է Զանգելանի ուղղությամբ, որտեղ հակառակորդը արդեն դիվերսիոն-հետախուզական խմբերն են եղել եւ զորքին գցել փակուղու մեջ։

Հանրային մեղադրողը նկատեց՝ քիմիկների օպերացիան նախորդ օրն է եղել, հետաքրքրվեց՝ վկային Կապան դրանով պայմանավորվա՞ծ կանչել։ Վկան, սակայն, տեղեկություն չուներ։ Դիտարկմանը, որ այլ անձանց ցուցմունքների համաձայն՝ վկան մասնակից է եղել քիմիկների օպերացիային նախորդած խորհրդակցությանը եւս, ինչը նշանակում է, որ հոկտեմբերի 22-ից առաջ է Կապան մեկնել, ոչ թե այդ օրը,  վկան չկարողացավ հստակ պարզաբանել, պնդեց, որ հենց 22-ին է մեկնել։

- Ինչպիսի՞ն էր իրավիճակը, երբ ներկայացաք,- հարցրեց մեղադրողը։

- Զորամասում ամեն ինչ նորմալ էր։

- Ինչպե՞ս էր Մակարյանի տրամադրությունը։

- Անտրամադիր, էդ ընթացքում սաղս էլ անտրամադիր էինք, վերջը կռիվ էր։

- Բնականո՞ն անտրամադրություն էր թե՞ ինչ-որ բան արտառոց էր։

- Ես չեմ կարող Ձեր հարցին պատասխանել, անտրամադիր էր։

- Խորհրդակցությունն ինչքա՞ն է տեւել։

- Մոտ մեկ ժամ։

- Ինչի՞ վերաբերյալ էր։

- Խնդիրների առաջադրման, նոր եկածներին խնդիրների ճշգրտման։

- Քիմիկների զորամասի հետ կապված ի՞նչ է քննարկվել։

- Էդ հատվածում եղել է նմանատիպ դեպք՝ ընկել են զասադի մեջ, մարդիկ կան, որոնց դուրս են բերել, մարդիկ կան, որոնց վերաբերյալ տեղեկություն չունեն, փորձում են ճշտել։

- Ի՞նչ խնդիր է առաջադրվել։

- Գուցե առանձին ստորաբաժանմանն առանձին խնդիրներ տրվել է, ինձ կոնկրետ խնդիր է դրվել զբաղվել Արարատի գնդի կրակային կետերի ընտրությամբ, ես անցել եմ իմ պարտականությունների կատարմանը, Դավիթ Բեկ, Եղվարդ, Ագարակ ուղղությամբ։

- Իսկ Կիրի հանքի ուղղությամբ նման հրաման հիշո՞ւմ եք,- հետաքրքրվեց տուժողների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը։

- Չէ։

- Երբ հանդիպեցիք Մակարյանին, որեւէ հրատապ առաջադրանք տրվե՞ց, թե՞ ուղղակի այն, ինչ պետք է կատարեր Ձեր կարգավիճակն ունեցող սպան։

- Յուրաքանչյուրիս տվեց այն, ինչ պետք է մենք կատարեինք։

- Այլ հրատապ գործողություն, որեւէ պլան չի՞ տրվել։

- Ոչ։

- Ասենք՝ հրատապության կարգով Արսեն Աբգարյանի խմբին օգնության գնալու համար զորամասից խումբ գնացած լինի․․․ - Մենք եղել ենք տարբեր ուղղությունների վրա, ես տեղյակ չեմ։

- Ձեզ չի՞ ասվել կրակել Զանգելանի դպրոցի վրա,- հարցրին տուժողների իրավահաջորդները։

- Ոչ, Կուբաթլուի։

- Զանգելանի վրա կրակեիք, էրեխեքն էնտեղ էին, Կուբաթլուն չկար արդեն, կրակած-պրծած էր, էլ խի՞ էիք կրակում,-վրդովվեցին նրանք։

Հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 30-ին։