Տաքսու վարորդների՝ 2015-2019-ին կուտակած պետական տուրքի պարտքերը կհամաներվեն | civilnet.am

civilnet.am Ազգային ժողովում քննարկվում է օրենքի նախագիծ, որով առաջարկվում է համաներել 2015-2019 թվականների ընթացքում տաքսու վարորդների կուտակած պետական տուրքի պարտավորությունները։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի ներկայացմամբ՝ այդ ժամանակահատվածում լիցենզիա է ստացել շուրջ 10,000 ֆիզիկական անձ, որոնցից ավելի քան 5000-ի մոտ գոյացել են պարտքեր։

Ընդհանուր պարտքը կազմում է շուրջ 1,3 մլրդ դրամ, որից ավելի քան 900 մլն դրամը պետական տուրքի գումարն է, իսկ 400 մլն դրամը՝ կուտակված տույժերը։

Նախարարի տեղակալը պարզաբանել է, որ այժմ գործող թվային համակարգերը թույլ են տալիս ավելի արդյունավետ վերահսկողություն իրականացնել, և վճարումներ կատարելու գործընթացը պարզեցվել է։ Այս հանգամանքով պայմանավորված՝ առաջարկվում է զրոյացնել նախկինում կուտակված պարտավորությունները։

Օրենքի ընդունման դեպքում նախատեսվում է կարճել ԴԱՀԿ-ում այս պարտքերի գծով հարուցված բոլոր գործերը և վարորդներին ազատել կատարողական վարույթի ծախսերը վճարելու պարտականությունից։

Ներկայումս որպես տաքսի ծառայություն գործունեություն է իրականացնում շուրջ 2400 ֆիզիկական անձ և 76 կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև