ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի իրականացման համար ստորագրվել է 3 տարվա համագործակցության ճանապարհային քարտեզ | armenpress.am

armenpress.am Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական միության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին լիակատար համաձայնագրի իրականացման համատեղ կոմիտեի առաջին նիստում ընդունվել է 3 տարվա համագործակցության ճանապարհային քարտեզ։

Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով կոլեգիայի անդամ (խմբ. նախարար) Անդրեյ Սլեպնյովը նշել է, որ փաստաթուղթը ներառում է կարևոր բաժիններ՝ տրանսպորտ, լոգիստիկա, «Հյուսիս-հարավ» միջանցք, կանաչ մաքսային միջանցքների ձևավորում, թվայնացում և էլեկտրոնային տարանցում։

Սա հնարավորություն կտա ԵԱՏՄ երկրների արտադրողներին արագացված կարգով մուտք գործել իրանական շուկա։ Նախարարի խոսքով՝ համագործակցությունը ներառում է նաև «Եվրասիական ագրոէքսպրես» նախագծի շրջանակում սառը բեռների փոխադրումների ընդլայնում, նավահանգիստների գծով փոխգործակցություն և ենթակառուցվածքային ծրագրերի համակարգում՝ իրանական նավահանգիստներով Հնդկական օվկիանոս հասնելու նպատակով։

Սլեպնյովը տեղեկացրել է, որ ԵԱՏՄ-ն ակտիվ խորհրդակցություններ է վարում նաև Հնդկաստանի և Պակիստանի հետ ազատ առևտրի վերաբերյալ, ինչը Իրանի դերը դարձնում է առանցքային «Հյուսիս-հարավ» միջանցքում։

Կողմերը պայմանավորվել են համագործակցել «հալալ» սերտիֆիկացման, տեխնիկական խոչընդոտների վերացման, առցանց հարթակների միջոցով փոքր և միջին բիզնեսի արտադրանքի մատակարարման, ինչպես նաև բարտերային մեխանիզմների և հաշվարկների ոլորտներում։

Ստեղծվելու է մաքսային համագործակցության ենթահանձնաժողով։ Նշվել է նաև, որ Իրանը պատրաստակամություն է հայտնել վերացնել ԵԱՏՄ-ից ապրանքների ներմուծման քանակական սահմանափակումները, ինչը ըստ Սլեպնյովի, բացառիկ արտոնություն է։

Իր հերթին ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամադ Աթաբակը նշել է, որ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու համաձայնագրի իրականացման համատեղ ճանապարհային քարտեզը ստեղծում է ամուր հիմք համագործակցության խորացման և բիզնես ոլորտում նոր հնարավորությունների զարգացման համար։

2019 թվականից սկսած, երբ ուժի մեջ էր մտել Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի մասին ժամանակավոր համաձայնագիրը, ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը աճել է ավելի քան 2,2 անգամ։ 2025 թվականի հունվարից առևտրաշրջանառությունը ավելացել է ևս 16 տոկոսով։ Նախատեսվում է առաջիկա տարիներին առևտրաշրջանառությունը կրկնապատկել և հասցնել 12 միլիարդ դոլարի։ ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու լիակատար համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2025 թվականի մայիսի 15-ից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ