Կառավարության որոշմամբ Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանությանը կից կգործի Եվրաջասթում համագործակցության հարցերով դատախազ (ներկայացուցիչ), որի շնորհիվ կապահովվի անդրազգային հանցագործությունների բացահայտմանն ուղղված գործողությունների համար անհրաժեշտ տեղեկատվության և տվյալների փոխանակումը: Դա էլ իր հերթին կնպաստի քրեական վարույթներով իրավական օգնություն ցուցաբերելու մասին օտարերկրյա պետության իրավասու մարմիններին ուղղված՝ ՀՀ կենտրոնական կամ իրավասու մարմինների հարցումների, այդ թվում՝ հանձնման (էքստրադիցիա) միջնորդությունների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների համապատասխան հարցումների արագ և օպերատիվ կատարմանը:
Ըստ հիմնավորման՝ Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) իրավասության շրջանակը բավական լայն է, հանցավորության դեմ պայքարի համատեքստում ներառում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների շրջանառության, փողերի լվացման, մարդկանց և օրգանների թրաֆիքինգի, առևանգման և համանման մի շարք այլ հանցագործությունների դեմ պայքարը, ինչպես նաև ռասիզմի ու այլատյացության, ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների ոլորտները։
Եվրաջասթի հետ համագործակցության ընձեռած գործիքակազմի ամբողջական կիրարկումը հնարավորություն կտա ընդլայնել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության ու անդամ պետությունների պատկան մարմինների միջև համագործակցության շրջանակը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։
Համաձայնագրով նախատեսվում է Եվրաջասթի և ՀՀ պատկան մարմնի միջև ուղիղ կապ հաստատել, ինչը նպաստելու է անդրսահմանային հանցագործությունների բացահայտմանն ուղղված գործողությունների սահուն ընթացքի ապահովման նպատակով անհրաժեշտ տեղեկատվության և տվյալների փոխանակմանը։