Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետվճարի տրամադրումը կշարունակվի | iravaban.net

Կապահովվի անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Կառավարությունն ընդունել է որոշում՝ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը՝ 2025 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ապահովելու նպատակով անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացնելու համար: Ըստ այդմ՝ առաջարկվում է հատկացնել 3 մլրդ 219 մլն դրամ: Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, հետվճար տրամադրելու համար 2025 թվականի պետական բյուջեով նախատեսվել է ի սկզբանե 12 մլրդ 432 մլն դրամ:

«Հետո ճշտվել է 13 մլրդ 152 մլն դրամ, սակայն միտումները հաշվի առնելով, այսօրվա որոշումն էլ ավելացնելով, տարեկան ընդհանուր կանխատեսումը մոտավորապես կլինի 16 մլրդ 371 մլն դրամ: Շահառուների թիվը նույնպես կանխատեսվածից ավելին է: Արդեն ունենք մոտ 350 հազար շահառու, որոնք օգտվում են այս ծրագրից, և ունենք ամսական մոտավորապես 2-3 տոկոս աճ»,- ասել է նախարարը:

Արսեն Թորոսյանը նշել է, որ այս պահի կարգավորումների համաձայն՝ հետվճարով վերադարձվում է գործարքների 12 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 6000 դրամը և հետվճարը վճարվում է յուրաքանչյուր ամիս մինչև տվյալ ամսվա 25-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն