Ադրբեջանական SOCAR-ը գնում է Italiana Petroli-ն | azatutyun.am

azatutyun.am  Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը գնում է Italiana Petroli-ն՝ ինչը նշանակում է, որ Իտալիայի խոշորագույն բենզալցակայաններից մեկի վերահսկողությունը կանցնի Ալիևի վարչակազմին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ադրբեջանա-իտալական համաձայնության ձեռքբերման արարողությանը մասնակցած իր աղբյուրը։

Կողմերը փաստաթուղթը նախաստորագրել են անցած օրերին Բաքվում՝ միջազգային ներդրումային ֆորումի ժամանակ։ Գործարքի ֆինանսական մանրամասները հայտնի չեն։

Reuters-ը, հղում անելով բանակցություններին մոտ կանգնած իր աղբյուրներին, նշում է, որ Italiana Petroli-ի սեփականատեր, իտալացի գործարար Բրաչետտի Պերետտի ընտանիքը, մոտ 2.5 միլիարդ եվրո է գնահատում էներգետիկ այդ ենթակառուցվածքը, և որ այն հայտնվելով Ադրբեջանի իշխանության ձեռքում՝ հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել իր ներկայությունը Եվրոպայում՝ հատկապես մայրցամաքի այն հատվածում, որտեղ հավակնում է դառնալ բնական գազի հիմնական մատակարար։

«Այս ձեռքբերումը կարևոր հանգրվան է SOCAR-ի ներկայությունը եվրոպական էներգետիկ շուկայում ընդլայնելու հարցում և արտացոլում է ընկերության հանձնառությունը՝ Ադրբեջանի և Իտալիայի միջև երկկողմ տնտեսական և էներգետիկ հարաբերությունները ամրապնդելու գործում», – հայտարարել է SOCAR-ի նախագահ Ռովշան Նաջաֆը։

Italiana Petroli-ն սեփականատեր է փոխում առաջին անգամ՝ ավելի քան 90 տարի առաջ Ֆերդինանդո Պերետտիի կողմից հիմնադրվելուց ի վեր։

«IP-ն եղել և մնում է վառելիքի ոլորտում էտալոն ազգային մակարդակով և Իտալիայում շարժունակության ու էներգետիկ անվտանգության հիմնական խաղացող», – ասել է Ադրբեջանի կառավարության վերահսկողությանն անցնող շուրջ մեկդարյա պատմություն ունեցող իտալական ընկերության նախագահ Ուգո Բրակետտի Պերետտին։

Italiana Petroli-ն ավելի քան 4500 վառելիքի կայան և երկու վերամշակման գործարան ունի՝ տարեկան մոտ 10 միլիոն տոննա համակցված հզորությամբ։ Ընկերությունը վաճառում է նաև այնպիսի արտադրանք, ինչպիսիք են բիտումը, ռեակտիվ վառելիքը և քսանյութերը։

Մինչև Ադրբեջանի իշխանությունների կառավարմանն անցնելը, իտալական ընկերությունը դեռևս պետք է ստանա կարգավորող մարմինների անհրաժեշտ հաստատումներ, Reuters-ին այս մասին ասել է IP-ի կորպորատիվ զարգացման տնօրեն Լեոնարդո Կապուտոն։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ գործարքը նախատեսվում է վերջնական ստորագրել մինչև հաջորդ տարվա առաջին եռամսյակի վերջը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև