Սպիտակ տանը մեկնարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նախ Թրամփը դիմավորել է Էրդողանին, ապա Օվալաձև աշխատասենյակում նրանք զրուցել են լրագրողների հետ, գրում են թուրքական լրատվամիջոցները։
«Նա կոշտ մարդ է։ Նա ինքնավստահ է։ Սովորաբար ես չեմ սիրում համառ մարդկանց, բայց ես միշտ էլ սիրել եմ նրան»,- ասել է Թրամփը Էրդողանի մասին։
Նա նշել է, որ կարծում է՝ այսօր հնարավորություն կունենան մանրամասն քննարկելու F-35-ի, F-16-ի և Halkbank հետ կապված հարցեր։
«Նա հիանալի աշխատանք է կատարում իր երկրում։ Մենք գերազանց հարաբերություններ ենք ունեցել ռազմական և առևտրի ոլորտում։ Ես կցանկանայի, որ Թուրքիան դադարեցնի Ռուսաստանից նավթ գնելը, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է իր ագրեսիան Ուկրաինայի դեմ»,- հայտարարել է Թրամփը։
Թրամփը նաև հավելել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Վլադիմիր Զելենսկին նույնպես հարգում են Էրդողանին։
«Նա կարող է մեծ ազդեցություն ունենալ Ուկրաինայի պատերազմի վրա, եթե ցանկանա, բայց նախընտրում է չեզոք մնալ»,- ասել է Թրամփը՝ ընգծելով, որ լավագույն բանը, որ կարող է անել Էրդողանը, ՌԴ-ից գազ ու նավթ չգնելն է։