Թրամփը հաստատել է TikTok-ի՝ ԱՄՆ բիզնեսի վերահսկողության տակ անցնելու գործարքը | tert.am

tert.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 25-ին գործադիր հրամանագիր է ստորագրել գործարքը հաստատելու մասին, որի համաձայն TikTok-ի աշխատանքն ԱՄՆ-ում կանցնի ամերիկյան բիզնեսի վերահսկողության տակ: Փաստաթուղթը հրապարակվել Է Սպիտակ տան կայքում։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես նշված է հրամանագրում, «TikTok-ը Միացյալ Նահանգներում կկառավարվի Միացյալ Նահանգներում գործող նոր համատեղ ձեռնարկություն» ընկերության կողմից»։ Հրամանագրում ընդգծվում է, որ նոր կառույցում «ամենամեծ մասնաբաժինն ու վերահսկողությունը»  կունենան ԱՄՆ քաղաքացիները:

Չինական ByteDance ընկերությունը դրանում «20%-ից պակաս» մասնաբաժին կստանա, իսկ «մնացած մասը պատկանելու է որոշակի ներդրողների»։

Օվալաձև աշխատասենյակում գործադիր հրամանագիրը ստորագրելուց հետո Թրամփը նշել է, որ նախկինում գործարքը քննարկել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Նա մեզ տվել է իր հավանությունը»,-ասել է ամերիկացի առաջնորդը։

Նրա խոսքով՝ սոցիալական ցանցը Միացյալ Նահանգներում կկառավարեն «ամերիկացի ներդրողները, ամերիկյան ընկերությունները»։

«Գործարքի պայմանները, իմ կարծիքով, շատ օգտակար են մեր երկրի համար», – ընդգծել է Թրամփը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ